Եկել է Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հայտերը հաստատելու ժամանակը. Ստոլտենբերգը՝ Թուրքիայում

16:00 • 16.02.23

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգն Անկարայում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ մամուլի ասուլիսում անդրադարձել է Հյուսիսատլանտյան դաշինքին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը Թուրիքայի վետո կիրառելուն: Այս մասին գրում է «Անադոլու» գործակալությունը:

Խոսելով դաշինքի ընդլայնման մասին՝ Ստոլտենբերգն ասել է.«Կարծում եմ, որ Շվեդիան և Ֆինլանդիան կարևոր քայլեր են կատարել ՆԱՏՕ-ին անդամակցելու ուղղությամբ։ Միաժամանակ արդարացված եմ համարում Թուրքիայի անհանգստությունն անվտանգության ոլորտում։ Եռակողմ հուշագրի կետերից մեկը ահաբեկչության դեմ պայքարն էր։ Միաժամանակ կարծում եմ, որ եկել է երկու երկրների հայտերը հաստատելու ժամանակը»։

Միևնույն ժամանակ, գլխավոր քարտուղարը դատապարտել է Շվեդիայում իսլամատյացության դրսևորումները և հիշեցրել այդ երկրի վարչապետի արձագանքը, ով դատապարտել է մուսուլմանների համար սուրբ գրքի՝ Ղուրանի այրմամբ սադրանքը։

Չավուշօղլուն իր հերթին ասել է.«Մենք ակնկալում ենք, որ երկու սկանդինավյան պետությունները կկատարեն իրենց խոստումները ոչ թե խոսքով, այլ գործով։ Ասել, որ Շվեդիան և Ֆինլանդիան ընդհանրապես չեն կատարել իրենց պարտավորությունները, սխալ կլինի։ Սակայն մենք չենք տեսնում այն քայլերը, որոնք մենք ակնկալում ենք այս երկրներից»։

Հիշեցնենք, որ Թուրքիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի ղեկավարների ստորագրած եռակողմ հուշագրում, մասնավորապես, նշվում է, որ Հելսինկին և Ստոկհոլմը հանձնառու են օգնել Անկարային ահաբեկչության դեմ պայքարում և չեն աջակցելու քրդական խմբերին, որոնց թուրքական կողմը համարում է ահաբեկչական։ Բացի այդ, ՆԱՏՕ-ին ձգտող այս երկու երկրներն էլ կքննարկեն թուրքական կողմի խնդրանքները, որոնք վերաբերում են մի շարք քուրդ ակտիվիստների արտահանձնման։