Թալիբներն Աֆղանստանում արգելել են հակաբեղմնավորիչները
Աֆղանստանում իշխող «Թալիբան» խմբավորումը դադարեցրել է հակաբեղմնավորիչների վաճառքն Աֆղանստանի երկու հիմնական քաղաքներում՝ պնդելով, որ կանանց կողմից դրանց օգտագործումն արևմտյան դավադրություն է՝ մահմեդական բնակչությանը վերահսկելու համար:
The Guardian-ին հայտնի է դարձել, որ թալիբները շրջում են դռնեդուռ, սպառնում մանկաբարձուհիներին և դեղատներին կարգադրում ազատվել հակաբեղմնավորիչ դեղամիջոցներից և համապատասխան սարքերից:
«Երկու անգամ ատրճանակներով եկան իմ խանութ և սպառնացին, որ հակաբեղմնավորիչ դեղահաբեր չպահեմ: Նրանք կանոնավոր կերպով ստուգում են Քաբուլի յուրաքանչյուր դեղատուն, և մենք դադարեցրել ենք ապրանքների վաճառքը», - ասել է քաղաքի խանութի սեփականատերերից մեկը:
Մի մանկաբարձուհի, որը չի ցանկացել հրապարակել անունը, պատմել է, որ իրեն մի քանի անգամ սպառնացել են:
Քաբուլում և Մազար ի Շարիֆում այլ դեղագործներ հաստատել են, որ իրենց կարգադրվել է չպահեստավորել հակաբեղմնավորիչ դեղամիջոցներ:
«Այնպիսի ապրանքներ, ինչպիսիք են հակաբեղմնավորիչ հաբերը և Depo-Provera դեղամիջոցը, այս ամսվա սկզբից արգելվում է պահել դեղատանը, և մենք չափազանց վախենում ենք վաճառել առկա պաշարները», - ասել է Քաբուլում մեկ այլ խանութի սեփականատեր:
Քաբուլի փողոցներում պարեկություն կատարող թալիբներն ասել են, որ «հակաբեղմնավորիչ միջոցների օգտագործումը և ընտանիքի պլանավորումն արևմտյան օրակարգ են»:
Աֆղանստանում յուրաքանչյուր 14 կնոջից մեկը մահանում է հղիության հետ կապված պատճառներով. Աֆղանստանը ծննդաբերության համար աշխարհի ամենավտանգավոր երկրներից է:










