Հայ փրկարարներն ավարտեցին իրենց առաքելությունը Թուրքիայում. 8 օր տևած գործողությունների արդյունքում նրանք փլատակներից դուրս են բերել 3 տուժածի և 10 զոհի մարմին (տեսանյութ)

16:02 • 17.02.23

Փետրվարի 16-ին հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմն ավարտեց Թուրքիայի Հանրապետության Ադիյաման քաղաքում ծավալած որոնողափրկարարական աշխատանքները։

Փետրվարի 17-ին հայ փրկարարները վերադարձան Հայաստան: Նրանց հայ-թուրքական սահմանին՝ Մարգարայի կամրջի մոտ, դիմավորեցին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ու Փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը։

Վահե Ղազարյանը շնորհակալություն հայտնեց փրկարարներին՝ կատարած աշխատանքի համար:

Աղետի գոտում շուրջ 8 օր տևած որոնողափրկարարական գործողությունների արդյունքում միջազգային որակավորում ունեցող հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմը՝ համագործակցելով տեղի աջակցող և միջազգային այլ թիմերի հետ, փրկարարական տարբեր միջոցների կիրառմամբ փլատակներից դուրս բերեց 3 տուժածի և 10 զոհերի մարմիններ, տեղում իրականացրեց լայնածավալ որոնողական աշխատանքներ՝ այդ թվում նաև կինոլոգիական խմբերով: