Դամասկոսում ավիահարվածի հետևանքով կա 5 զոհ, 15 վիրավոր. Սիրիան մեղադրել է Իսրայելին
Առնվազն հինգ մարդ է զոհվել, 15-ը՝ վիրավորվել Դամասկոսի և դրա շրջակայքի ուղղությամբ ավիահարվածի հետևանքով, հայտնել է Սիրիայի պաշտպանության նախարարությունը՝ հրթիռային հարձակման համար մեղադրելով Իսրայելին:
Ինչպես գրում է kommersant.ru-ն, ըստ Սիրիայում մարդու իրավունքների դիտորդական կազմակերպության՝ հարձակման հետևանքով զոհվել է 15 մարդ՝ բոլորը խաղաղ բնակիչներ։
«Թշնամական Իսրայելն օդային ագրեսիա է իրականացրել գրավյալ Գոլանի բարձունքներից՝ հարվածներ հասցնելով Դամասկոս քաղաքի և նրա շրջակայքի մի շարք վայրերի, այդ թվում՝ խաղաղ բնակիչներով բնակեցված բնակելի թաղամասերին», - ասվում է Սիրիայի պաշտպանության նախարարության ֆեյսբուքյան էջում։
ՀՕՊ համակարգերը, ըստ պաշտպանության նախարարության, խոցել են հրթիռների մեծ մասը։ Հարձակման հետևանքով ավերվել են տներ։
Դամասկոսի արվարձանները հաճախ են ենթարկվում օդային հարվածների։ Սիրիական իշխանությունները սովորաբար դրա համար մեղադրում են Իսրայելին։ Դամասկոսը վերջին անգամ հրթիռակոծվել է հունվարի սկզբին։










