Բախմուտի համար կպայքարենք այնքան ժամանակ, քանի դեռ դա ողջամիտ է. Զելենսկի
Ուկրաինայի համար կարևոր է պաշտպանել Դոնեցկի մարզի Բախմուտ քաղաքը, որի համար կատաղի մարտերը շարունակվում են, բայց նա կպայքարի ճակատի այս հատվածում այնքան ժամանակ, քանի դեռ դա ողջամիտ է։ Այս մասին իտալական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, գրում է meduza.io-ն:
«Դա առանձնապես մեծ քաղաք չէ... Մեզ համար կարևոր է պաշտպանել այն, բայց ոչ թե ցանկացած գնով, որ բոլորը մահանան։ Պայքարելու ենք այնքան ժամանակ, քանի դեռ դա ողջամիտ կլինի։ Մենք դիմադրում ենք, իսկ մինչ այդ պատրաստվում ենք հաջորդ հակահարձակմանը»,- ասել է Զելենսկին՝ ի պատասխան այն հարցին, թե արդյոք արժե՞ զոհեր տալ Բախմուտը պահելու համար։
Ուկրաինայի ղեկավարը նշել է, որ «Բախմուտի գրավումից հետո ռուսական զորքերը կցանկանան շարունակել հարձակումը Կրամատորսկի և Սլավյանսկի ուղղությամբ՝ մինչև Դոնբասի սահմանները և Դնեպրը»։
Լրագրողները նաև Զելենսկիին հարցրել են, թե արդյոք Ուկրաինան կարող է դիմանալ, եթե հակամարտությունը երկարաձգվի: Ի պատասխան նա նշել է, որ Կիևը պատրաստվում է կարճատև պատերազմի և սեփական հաղթանակի։
«Որքան շուտ լինի հաղթանակը, այնքան քիչ զոհեր կունենանք. 2014 թվականին հակամարտությունը սառեց, և դա մեզ օգուտ չտվեց։ Մինսկի պայմանավորվածությունները Պուտինին ժամանակ տվեցին պատրաստվելու անցյալ տարվա անակնկալ հարձակմանը, մենք նորից նույն ծուղակը չենք ընկնի։ Մեր զինվորներն ավելի մոտիվացված են, քանի որ պաշտպանում են իրենց ընտանիքները, իրենց տները»,- հավելել է Ուկրաինայի նախագահը։










