Հս. Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակել․ Տոկիոն խնդրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ հրավիրել

09:47 • 20.02.23

Հյուսիսային Կորեան կրկին բալիստիկ հրթիռներ է արձակել, որոնք ընկել են ջրում։ Այս մասին հայտնում ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում անելով Ճապոնիայի ծովային անվտանգության ծառայությանը։

«Բալիստիկ հրթիռը, ենթադրաբար, արդեն ընկել է: Նավերին ու ինքնաթիռներին խնդրում ենք հետևել տեղեկատվությանը և բեկորների ընկնելու դեպքում զեկուցել ծովային անվտանգության ծառայությանը՝ առանց դրանց մոտենալու»,- հայտնել են ծովային անվտանգության ծառայությունից։

Այս հաղորդագրությունից որոշ ժամանակ անց Ճապոնիան հայտնել է ԿԺԴՀ-ի տարածքից երկրորդ ու երրորդ հրթիռների արձակման մասին։ Ծովային անվտանգության ծառայության տվյալներով՝ դրանք ևս արդեն ընկել են։

Ավելի ուշ Հյուսիսային Կորեայի առաջնոր Կիմ Չեն Ընի քույրը՝ Աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի ղեկավարի տեղակալ Կիմ Յո Չժոնը մեկնաբանել է նման քայլը՝ հայտարարելով, որ Հյուսիսային Կորեայի կողմից Խաղաղ օվկիանոսը որպես ուսումնական դաշտ օգտագործելու հաճախականությունը կախված է ԱՄՆ-ի զինված ուժերի գործողություններից։

«Հյուսիսային Կորեայի կողմից Խաղաղ օվկիանոսը որպես փորձադաշտ օգտագործելու հաճախականությունը կախված է ԱՄՆ զինված ուժերի գործողությունների բնույթից», - ասված է Կիմ Յո Չժոնի հայտարարության մեջ:

Նրա խոսքով՝ Փհենյանը տեղյակ է Կորեական թերակղզու տարածքում «Միացյալ Նահանգների զինված ուժերի ռազմավարական հարվածային միջոցների տեղաշարժի մասին»։

«Մենք ուշադիր ուսումնասիրում ենք այն ազդեցությունը, որը դա կարող է ունենալ մեր պետության անվտանգության վրա», - ասել է ԿԺԴՀ ղեկավարի քույրը՝ նշելով, որ երկիրը «կձեռնարկի համապատասխան քայլեր, եթե դա դիտարկվի որպես ուղղակի կամ անուղղակի սպառնալիք»։

Մինչդեռ Տոկիոն խնդրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ հրավիրել այս առնչությամբ: Ճապոնիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ արձանագրվել է երկու հրթիռի արձակում։ Առաջինի թռիչքի բարձրությունը եղել է 100 կմ, հեռահարությունը՝ 400 կմ, երկրորդի՝ համապատասխանաբար 50 և 350 կմ։ Նրանք ընկել են Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտուց դուրս։