Մթերքն այժմ թանկ է, սնունդս քչացել է. Լեհաստանի նախկին նախագահ բողոքել է ցածր թոշակից և սննդի բարձր գներից
Լեհաստանի նախկին նախագահ Լեխ Վալենսան ստանում է 11-13 հազար զլոտի (ավելի քան 200 000 ռուբլի) թոշակ, սակայն այդ գումարը չի բավականացնում անգամ սննդի համար։ Այս մասին նա խոսել է o2.pl-ին տված հարցազրույցում, գրում է lenta.ru-ն:
Նախկին քաղաքական գործչի խոսքով՝ իր կինն իրենից վերցնում է ամբողջ գումարը, զբաղվում է ապրանքների գնմամբ։
«Բարեբախտաբար, կինս ամեն օր գնումներ է կատարում։ Ես ուրախ եմ, որ ստիպված չեմ տեսնել խանութների դարակներում գտնվող մթերքների այս ահռելի գները: Այնուամենայնիվ, դրանք գնվում են իմ հաշվին»,- ասել է նա և հավելել, որ «գնաճի հետևանքներն ամեն օր տեսնում է իր ափսեի վրա»։
Վալեսան նաև նշել է, որ երկար տարիներ է՝ ինչ իր թոշակը չի բարձրանում, և «բոլոր ինդեկսացիաներն իրեն չեն վերաբերում»:
«Մթերքն այժմ թանկ է, ուստի նախաճաշի, ճաշի և ընթրիքի իմ չափաբաժինները կրճատվել են: Ես գոհ չեմ դրանից»,- հավելել է նա։
Նախկին նախագահն ասել է, որ ֆինանսական աջակցություն է ցուցաբերում ընտանիքին, ուստի ստիպված է լրացուցիչ գումար վաստակել՝ դասախոսություններ կարդալ հասարակական և քաղաքական խմբերի համար։
«Ինչքան եմ ստանում, չեմ կարող ասել, դա տեղի է ունենում տարբեր ձևերով: Բայց այդպես եմ փակում իմ բյուջեում առկա բացերը»,- եզրափակել է Վալեսան:










