«Սուրմալու» առևտրի կենտրոնի տնօրենը կալանավորվել է

10:41 • 23.02.23

«Սուրմալու» առևտրի կենտրոնի տնօրենը կալանավորվել է, դատարանը բավարարել է նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը։ Այս մասին Tert.am-ը տեղեկացավ Դատախազությունից։

Նշենք, որ «Երևանի պահածոների գործարան» ՓԲ («Սուրմալու»)  ընկերության տնօրեն Ի.Մ.-ի նկատմամբ հսկող դատախազի կողմից հարուցվել է հանրային քրեական հետապնդում:

Ի.Մ.-ն, հանդիսանալով «Երևանի պահածոների գործարան» ՓԲ ընկերության տնօրեն դիտավորությամբ կեղծել է պարտականությունից և պատասխանատվությունից ազատող փաստաթուղթ և օգտագործել այն:

 

 Այնուհետև, Ի.Մ.-ն կեղծ հրամանը, ներկայացրել է քրեական վարույթով նախաքննությունն իրականացնող քննիչին:

 

2023 թվականի փետրվարի 13-ին որոշում է կայացվել Ի.Մ.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 1-ին մասով և 357-րդ հոդվածի 2-րդ մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին (առևտրային կամ այլ կազմակերպության կողմից տրվող իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հավաստող կամ իրավունք վերապահող կամ պարտականությունից կամ պատասխանատվությունից ազատող փաստաթուղթ կեղծելը՝ կեղծողի կողմից անձամբ կամ այլ անձի կողմից այն օգտագործելու կամ իրացնելու նպատակով, կամ այդպիսի փաստաթուղթ իրացնելը կամ նույն նպատակով կեղծ դրոշմ, կնիք կամ ձևաթուղթ պատրաստելը կամ իրացնելը, ինչպես նաև կեղծ փաստաթուղթ օգտագործելը և հրդեհային անվտանգության` օրենսդրությամբ սահմանված կանոն կամ պահանջ խախտելն այն անձի կողմից, որի վրա դրված է եղել այդ կանոնի կամ պահանջի պահպանման պարտականությունը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանք):

 

Հիշեցնենք՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում 2022-ի օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել է 16 մարդ։

Պայթյունի հետևանքով 60-ից ավելի քաղաքացիներ մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ էին ստացել: