Դա իշխանության խնդիրն է. Օհանյանը՝ հարցին՝ ինչ կոնկրետ գործողություններ է արել ընդդիմությունը Արցախի մի շարք գյուղերի հանձնումը թույլ չտալու համար
Արցախի միջազգային ճանաչումը հրամայական է, բայց հրամայական է նաև փաստել ու ընդունել այն իրողությունը, որը տեղի է ունեցել տարիներ առաջ, երբ ԽՍՀՄ փլուզման արդյունքում Արցախը, ինչպես Հայաստանը, Ադրբեջանը ու այլ երկրներ ինքնորոշվել են իրենց իսկ պատմական տարածքում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Առաջին հերթին մենք պետք է ընդունենք, որ Արցախը ինքնորոշվել է։ Ես գտնում եմ, որ այս իշխանությունների կատարած արդյունքն է, որ Արցախը հայտնվել է այսպիսի անկլավային իրավիճակում, նրանց գործունեության արդյունքում է, որ դիվանագիտական ամբողջ ներուժը քայքայվել է, երկիրը մտել է պատերազմի մեջ, պատերազմի ժամանակ էլ ոչինչ չի արվել Արցախը պաշտպանելու համար»,- ասաց Օհանյանը։
Նա նշեց, որ իշխանությունները Արցախը անկլավային իրավիճակում դարձնելուց հետո Արցախից «ձեռքերը լվանալու» իրավունք չունեն։
«Դժվար է պատկերացնել, որ այս իշխանությունները Արցախը կարող են տանել ինքնորոշման ճանապարհով։ Ողջ ընդդիմադիր դաշտը ամեն ինչ պետք է անի, որ այս իշխանությունը ժամանակից շուտ չստորագրի որևէ փաստաթուղթ, որը կվնասի մեր շահերին»,- ասաց նա։
Հարցին՝ ի՞նչ է արել ընդդիմությունը, որպեզի թույլ չտա Արցախի մի շարք գյուղերի հանձնման գործընթացը, Օհանյանը ասաց․
«Բացի հայտարարություններից ու ԱԺ-ում արված գործընթացներից, մենք նաև Դիմադրություն շարժումն ենք սկսել։ Ինչ վերաբերում է կոնկրետ գործողություններ թույլ չտալուն, գյուղեր չհանձնեուն և այլն, այդ խնդիրը իշխանություններինն է»։
Սեյրան Օհանյանն ընդգծեց, որ չէր ցանկանա՝ Ռուբեն Վարդանյանը հեռանար պետնախարարի պաշտոնից։
«Ես Ռուբեն Վարդանյանին ճանաչում եմ որպես հաջողված գործարարի և բարերարի Հայաստանի ու Արցախի համար։ Ես նրա գործունեությանը Արցախում առաջին հերթին հայրենասիրական տեսանկյունից եմ նայում, թե ով և ինչպես է նշանակել նրան, այդ մանրուքների մեջ չեմ ուզում խորանալ։ Ռուբեն Վարդանյանը սկսել էր գործընթաց, որը գեներացնում էր պայքարի ոգին։ Նրա հեռացումը բացասական հետևանքներ կունենա Արցախի վրա»,- ասաց Սեյրան Օհանյանը։










