Փաշինյանն իր հեղինակությամբ կարող էր մի քանի զիջում անել և հասնել ԼՂ հարցի հայանպաստ լուծմանը, ես կկանգնեի իր կողքին, բայց նա սկսեց իր զրոյական կետից․ Վարդան Օսկանյան

14:18 • 24.02.23

Այս պատերազմը մենք մեր գլխին բերեցինք, որովհետև տապալել էինք բանակցությունները, պատերազմում պարտվել ենք նման ձևով, որովհետև չենք կարողացել պահպանել ռազմական հավասարակշռությունը։ Այս մասին «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» գիտագործնական համաժողովի ժամանակ ասաց ՀՀ նախկին արտգործխնախաար Վարդան Օսկանյանը։
 
«Այս պատերազմը մենք պարտվել ենք խայտառակ ձևով, որովհետև այդ պատերազմը վարել ենք շատ վատ։ 1994 թ-ի զինադադարից հետո մինչև 2018թ-ը, հարաբերական անդորրը և խաղաղությունը սահմանագծում պահպանվել է երկու գործոններով՝ կայուն դիվանագիտական գործընթաց և ռազմական հավասարակշռություն։ Այդպես եղել է երեք նախագահների ժամանակ։ Այն օրերին, երբ Ադրբեջանը որևէ զինատեսակ էր ձեռք բերում, որը Հայաստանը չուներ, մենք անպայման լրացնում էինք դա, որոպեսզի ռազմական հավասարակշռությունը պահպանվի»,- ասաց նա։
 
Օսկանյանը նշեց, որ չկա պատերազմ, որից հնարավոր չլիներ խուսափել։
 
«Դրա անխուսափելիությունը քաղաքական անզորությունը քողարկելու միջոց էր։ Եթե Հայաստանը մտել էր մի պատերազմի մեջ, որից ի սկզբանե խուսափում էր, նշանակում է այդ օրերին Հայաստանի քաղաքական իշխանությունը չի կարողացել  ճիշտ որոշումներ կայացնել ու տապալել է բանակցությունները, որը բերել է պատերազմի։ Այն օրը, երբ կպարզվի, թե որ կողմին էր ձեռնտու խուսափել պատերազմից, այդ օրն էլ այդ երկրի ներսում սկսելու է քննադատություն հնչել ղեկավարության նկատմամբ՝ քաղաքական սխալ որոշումներ կայացնելու համար»,- նշեց նախկին արտգործնախարարը։
 
Օսկանյանը ընդգծեց, որ իշխանությունների կողմից ստեղծվել է տպավորություն, որ Արցախը հանձնելու այլընտրանք չկա։
«Սա սուտ և կեղծ թեզ է ու իր մեջ մեծ վտանգավորություն է պարունակում։ Երբ հարցին նայում ես սովորական աչքերով, իսկապես թվում է, թե իրավիճակը անելանելի է։ Բայց իմը սովորական ու անզեն աչք չէ։ Ես առաջին օրվանից ներգրավված եմ եղել եմ Ղարաբաղյան բանակցություններում, 1995-ից հանդես եմ եկել որպես գլխավոր բանագնաց, իսկ 10 տարի որպես արտգործնախարար առաջնորդել եմ այդ ամբղջ գործընթացները։ Ես ակտիվ մասնակցություն եմ ունեցել Մինսկի խմբի կողմից առաջարկված բոլոր վեց պայմանագրերին, Մադրիդյան փաստաթղթի գրողներից մեկն եմ եղել։ Հիշում եք, երբ Փաշինյանը խոսեց այդ փաստաթղթի մասին, ասաց, որ այն բազմաթիվ խնդրահարույց կողմեր ունի։ Ես ասացի, որ փոխանցեն իրեն, որ Մադրիդյան փաստաթղթի հեղինակլը այստեղ, Երևանում է  ապրում, կարող է կանչել ու խորհրդակցել։ Եթե իրոք այդ օրերին Փաշինյանը ինձ կանչած լիներ ու առիթ ունենայի խոսելու նրա հետ, ես նրան հետևյալ հորդորը կանեի․ հաշվի առնելով իր բարձր հեղինակությունը այդ օրերին, լայն աջակցությունը՝ Հայաստանում և Սփյուռքում, ունի հնարավորթյուն լրացուցիչ որոշ զիջումներով, որ նախկին նախագահները չկարողացան անել, իր վրա վերցնի այդ պատասխանատվություն։ Անի այդ մի քանի զիջումները ու հասնի ԼՂ հարցի հայանպաստ լուծմանը։ Այդ հնարավորությունը կար, Մադրիդյան փաստաթուղթը տալիս էր այդ հնարավորությունը։ Փաշինյանը լավ ժառանգություն էր ստացել, ես պատրաստ էի այդ հարցում իր կողքին կանգնել ու ամեն ինչով աջակցել, նա սխալ ճանապարհով գնաց ու սկսեց իր զրոյական կետից»,- ընդգծեց Վարդան Օսկանյանը։