Որևէ տեսակետ չունենք ո՛չ Ռուբեն Վարդանյանի նշանակման, ո՛չ էլ ազատման վերաբերյալ, ՀՀ-ն հետաքրքրություն չունի այդ հարցում․ Ալեն Սիմոնյան

12:48 • 28.02.23

 

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է, որ Հաագայի դատարան որոշումը Ադրբեջանի կողմից չկատարելու հանգամանքը Հայաստանը կօգտագործի միջազգային բոլոր հարթակներում։

«Չեմ կործում, որ դրանից Ադրբեջանը երջանիկ է լինելու, առնվազն խոստանում եմ դա»,- ասաց Սիմոնյանը։

Խոսելով ընդդիմության կողմից փողոցային պայքարին անցնելու մտադրությունների մասին՝ Սիմոնյանը նշեց․

«Ընդդիմության գործողությունները վերջին՝ պատմական ժամանակահատվածում հենված են եղել սահմանին տեղի ունեցող սրացումներին, այսօր կարծում եմ այդ բառապաշարը սպառված է ու նույն բառապաշարով վերադառնալ փողոց, անիմաստ եմ համարում>։

Հարցին՝ նախատեսվո՞ւմ է մոտ ապագայում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցը Հայաստան, Սիմոնյանը ասաց, որ նման տեղեկություն չունի:

«Ես ուրախ եմ, որ մենք կամաց-կամաց գալիս ենք այն իրավիճակին, որ Արցախի օրինական ներկայացուցիչները իրենք են բանակցում և իրենք են որոշումներ կայացնում և մենք կարողանում ենք տարանջատել Արցախի և Հայաստանի ղեկավարություններին։ Արցախի ղեկավարություններն են բանակցում, Արցախի ղեկավարություններն են որոշում կայացնում, հարցը ինձ չի վերաբերում»,- ասաց Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք կա՞ որոշում, որ Ադրբեջանը ստուգումներ անի Կաշենի հանքավայրում։

Դիտարկմանը՝ ի՞նչ կարծիք ունի Ռուբեն Վարդանյանին Արցախի պետնախարարի պաշտոնից ազատելու մասին, Սիմոնյանն ասաց․

«Երևանը ինչպես նշանակման ժամանակ որևէ տեսակետ չուներ, այնպես էլ ազատման դեպքում։ Ես չգիտեմ, թե ինչ դրդապատճառներով է կայացվել Վարդանյանին նշանակելու որոշումը և նույնպես չգիտեմ, թե ինչ դրդապատճառներով է նա ազատվել։ ՀՀ իշխանությունները այդ հարցերում որևէ մասնակցություն չեն ունեցել և հետևաբար որևէ հետաքրքրություն չունեն այդ հարցի շուրջ»։

Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրի շուրջ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև առկա կոնսենսուսին, ԱԺ նախագահը ասաց, որ կոնսենսուս առկա է։

«Մենք չենք կարող խաղաղության պայմանագրի մեջ ականներ դնել ՀՀ պետականության, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության նկատմամբ։ Երկու երկրների պայմանագրերը վերաբերում են այդ երկրների հարաբերություններին, Արցախի հարցը իմ ընկալմամբ այդ երկու երկների միջև պայմանագրում որևէ կերպ արտահայտված չպետք է լինի։ Թող չլինի տպավորություն, որ այդ պայմանագրով մենք փորձում ենք հետ կանգնել Արցախի շահերի պաշտպանությունից։ Արդյո՞ք մենք նոր դրույթ դնելով այդ պայմանագրի մեջ չեղյալ չենք հայտարարի նոյեմբերի 9-ի՝ մեզ համար կարևոր արձանագրումները, որոնց տակ կա Ալիևի ստորագրությունը»,- ասաց Սիմոնյանը։