Ավելորդ եմ համարում Մոսկվայի ջղաձգումները, ՀՀ-ն պետք է ապահովի իր անվտանգությունը՝ առանց որևէ մեկի խանդի․ Ալեն Սիմոնյան

13:51 • 28.02.23

 

ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Ալեն Սիմոնյանը ասաց, որ ՌԴ-ն որոշակի դեր ունի խաղաղության պայմանագրի քննարկումներին։

«Իհարկե դեր ունի, չի կարող չունենալ, որովհետև այնուամենայիվ ռուս խաղաղապահներն են այնտեղ կանգնած։ Միևնույն ժամանակ ավելի (ավելորդ-իմբ.) եմ համարում այն ջղաձգումները և նյարդային արձագանքները Մոսկվայից, որոնք տեղի են ունենում, երբ այլ կողմ փորձում է ինչ-որ դրական բան անել։ Դրանք շատ ավելի էմոցիոնալ եմ համարում։ Ես կարծում եմ, որ իրենք պետք է մի քիչ ավելի հանգիստ լինեն, ավելի զսպված լինեն, հասկանան իրավիճակը։ Հասկանան․, որ ՀՀ-ն իր շահերն ունի, ունի իր անվտանգության խնդիրը, որը պետք է ապահովվի ի հեճուկս որևէ աշխարհաքաղաքական ելևէջի կամ որևէ մեկի խանդի»,- ասաց Սիմոնյանը։

Նա ասաց, որ ՀՀ-ն միայն կողմ կլինի, եթե որևէ երկիր փորձի հարցին դրական լուծում տալ։

«Բանն այն է, որ այդ հարցը պետք է լուծեն ռուսները, պետք է լուծեին, իրենք էին մեր տարածքային ամբողջականության, անվտանգության ապահովողը, այստեղ է գտնվում ռուսական զորախումբը։ Բոլոր այդ պայմանագրերը այս իրավիճակին էին միտված։ Բա դուք ուր էիք, ո՞ւր եք, ինչու չեք ավելի ակտիվ մասնակցում, եթե չեք կարողանում, պետք է դրա մասին բարձրաձայն ասել, միգուցե միասին նստենք, ելքեր գտնենք, բայց տեսնում ենք այն, ինչ տեղի է ունենում»,- նշեց Սիմոնյանը։