Ֆինլանդիայի խորհրդարանը հավանություն է տվել ՆԱՏՕ-ին անդամակցելուն

16:45 • 01.03.23

Ֆինլանդիայի խորհրդարանի անդամները հավանություն են տվել երկրի՝ Հյուսիսատլանտյան դաշինք մտնելու մասին օրինագծին, հայտնում է Yle-ն։ ՆԱՏՕ-ին անդամակցելու օգտին քվեարկել է 200 պատգամավորից 184-ը։

ՆԱՏՕ-ի գրեթե բոլոր երկրներն արդեն հավանություն են տվել Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը դաշինքին, սակայն երկու երկիր՝ Թուրքիան և Հունգարիան, դեռ չի տվել իր հավանությունը։

Թուրքիայի և Շվեդիայի հարաբերություններում ամենամեծ դժվարությունները ծագեցին, հատկապես Ստոկհոլմում տարեսկզբին հակաիսլամական գործողություններից, այդ թվում՝ ակտիվիստների կողմից Ղուրանը հրապարակային այրումից հետո։

2023 թվականի հունվարի 23-ին Ֆինլանդիայի արտգործնախարար Պեկկա Հաավիստոն ասել էր, որ Ֆինլանդիան կարող է ինքնուրույն շարունակել ՆԱՏՕ-ին անդամակցելու ընթացակարգը՝ առանց Շվեդիայի։ Նրա խոսքով՝ Հելսինկին դեռ հստակ դիրքորոշում չունի այս հարցում, սակայն Ֆինլանդիան «դեռ պետք է գնահատի իրավիճակը, եթե պարզվի, որ Շվեդիայի դիմումը երկար ժամանակ փակուղի է մնացել»։