G20-ի ԱԳ նախարարներն Ուկրաինայի պատճառով չեն կարողացել ամփոփիչ հռչակագիր ընդունել

16:16 • 02.03.23

Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմանյամ Ջայշանքարը և G20-ի արտգործնախարարները չեն կարողացել վերջնական հռչակագիր ընդունել Հնդկաստանում երկօրյա հանդիպումից հետո: Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Մեծ քսանյակի երկրների նախարարները այսօր կայացած բանակցություններից հետո համաձայնել են հրապարակել միաձայն կարծիք այն մասին, որ G20 երկրները, որպես խումբ, եկել են կոնսենսուսի շատ կարևոր հարցերի շուրջ»,- ասվում է  հաղորդագրությունում:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ արևմտյան երկրների գործընկերները փորձել են ամեն գնով տեքստում ավելացնել ուկրաինական իրավիճակի վերաբերյալ դրույթներ։

«Իրենց դիրքորոշման հետևանքով հռչակագիրն արգելափակվել է։ Քննարկման արդյունքները կներկայացվեն ամփոփ տեսքով, որը կներկայացնի Հնդկաստանի նախագահությունը»,- ասել է նա։

Լավրովի խոսքով՝ արևմտյան երկրները G20-ի երկրների արտգործնախարարների վերջնական փաստաթղթում պնդել են Ուկրաինայի վերաբերյալ ձևակերպումը: