Դրանք ուղղակի խոսակցություններ են. Փաշինյանը՝ ՀՀ-ի միջոցով ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցները շրջանցելու հնարավորության մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները չեն շրջանցվում Հայաստանի միջոցով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց կանցլեր Օլաֆ Շոլցի հետ համատեղ ասուլիսում՝ անդրադառնալով երրորդ երկրների, այդ թվում՝ Հայաստանի միջոցով ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցները շրջանցելու հնարավորության վերաբերյալ հարցին ու դիտարկմանը, որ Հայաստանի հետ ԵՄ-ի առևտուրը մեծացել է:
«Որպես ժողովրդավարական երկիր և որպես երկիր, որի համար թափանցիկությունը շատ կարևոր է, մեր բոլոր արևմտյան գործընկերներին ասել ենք ու ասում ենք, որ այդ հարցում պատրաստ ենք ու թափանցիկ են: Այո, թվերը փոխվում են, ամբողջ աշխարհում են թվերը փոխվում, որովհետև փոխվում են լոգիստիկ շղթաները, հարաբերությունները: Ոչ միայն ԵՄ-ից դեպի Հայաստան ներկրումներն են ավելացել, այլ նաև Հայաստանից արտահանումն է ավելացել դեպի ԵՄ երկրներ»,-ասաց վարչապետը:
Նա ընդգծեց, որ Հայաստանը հետաքրքրված է ԵՄ-ի հետ հարաբերությունների հաստատման գործում:
Անդրադառնալով պատժամիջոցները շրջանցելու հետ կապված խոսակցություններին՝ Փաշինյանն ընդգծեց. «Դրանք ոչ ավելին են, քան ուղղակի խոսակցություններ: Իրականությունն ուղիղ հակառակն է»:










