Եվրախորհրդարանի պատգամավորը կոչ է արել հետաքննել «Հյուսիսային հոսքերի» պայթյունները

12:58 • 04.03.23

Եվրոպան լիովին ենթարկվում է Վաշինգտոնին և աչք է փակում այն փաստի վրա, որ մինչ այժմ ոչինչ հայտնի չէ «Հյուսիսային հոսքերի» պայթյունների մասին: Այս մասին, ինչպես գրում է Exxpress-ը, հայտարարել է Եվրախորհրդարանի պատգամավոր Միք Ուոլեսը։

««Հյուսիսային հոսքերում» դիվերսիաները ծրագրված ահաբեկչական գործողություն էին եվրոպական ամենակարևոր ենթակառուցվածքների վրա, և ԵՄ-ն մինչ օրս չի ցանկանում իմանալ՝ ով է դա արել»,- նշել է նա։

Ինչպես հավելել է Ուոլեսը, պայթյունների հետաքննությունը պետք է լինի եվրոպական օրակարգի ամենակարևոր հարցը, սակայն արդյունքներ դեռ չկան։

«Հերշն ասաց, որ ԱՄՆ-ն է պատասխանատու պայթյունի համար: Մի՞թե մենք այժմ այնքան ենք կախված նրանց կայսրությունից, որ չենք կարող նույնիսկ Վաշինգտոնին հարցնել՝ արդյոք դա իսկապես Սպիտակ տունն է ծրագրել», - ասել է Ուոլեսը

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Nord Stream AG-ն հաղորդել է «աննախադեպ ավերածությունների» մասին, որոնք տեղի են ունեցել նախօրեին «Հյուսիսային հոսք 1» և «Հյուսիսային հոսք 2» ծովային գազատարների երեք խողովակների վրա: Շվեդ սեյսմոլոգները սեպտեմբերի 26-ին երկու պայթյուն են գրանցել խողովակաշարի երթուղիների երկայնքով։ Շվեդիայի դատախազությունը նոյեմբերի 18-ին հայտարարել է, որ գազատարների վրա պայթյունները դիվերսիա են։ Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունը հարուցել է միջազգային ահաբեկչական ակտի վերաբերյալ գործ։