Բրիտանացի հատուկ ջոկատայիններին արգելվել է օգտվել TikTok-ից
Բրիտանացի հատուկ ջոկատայիններին, անվտանգության նկատառումներից ելնելով, արգելվել է օգտագործել չինական TikTok սոցիալական ցանցն աշխատանքային հեռախոսներում, հայտնել է Daily Mail թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ:
Հրապարակման համաձայն՝ բրիտանացի հատուկ նշանակության ջոկատայիններին նաև խստորեն խորհուրդ է տրվել մուտք չգործել TikTok հավելված անձնական սմարթֆոններից։ Այս որոշումը պայմանավորված է այն մտավախությամբ, որ հավելվածը կարող է տվյալներ փոխանցել Չինաստան և Ռուսաստան:
Ավելի վաղ հայտնի էր դարձել նաև, որ Եվրահանձնաժողովը պաշտոնյաներին արգելել է TikTok-ն օգտագործել աշխատանքային սարքերում։
Անցյալ դեկտեմբերին ԱՄՆ Սենատն օրենքով արգելել է դաշնային պաշտոնյաներին TikTok-ն օգտագործել այն սարքերում, որոնք մուտք ունեն դեպի զգայուն տեղեկատվություն: Նմանատիպ արգելքներ են մտցվել ԱՄՆ մի քանի նահանգներում, Կանադայում և ԵՄ որոշ երկրներում։










