Բայդենի կինը քննադատել է 75 տարեկանից բարձր քաղաքական գործիչների ճանաչողական կարողությունները ստուգելու առաջարկը

09:35 • 06.03.23

ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենը քննադատել է ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Նիկի Հեյլիի՝ 75 տարեկանից բարձր քաղաքական գործիչների ճանաչողական կարողությունները ստուգելու առաջարկը, գրում է interfax.ru-ն։

«Դա ծիծաղելի է»,- CNN-ին տված հարցազրույցում ասել է նախագահ Ջո Բայդենի կինը։

Հաղորդավարի այն հարցին, թե արդյոք գործող նախագահը պատրաստ է նման թեստ անցնել, Ջիլ Բայդենը պատասխանել է․ «Մենք երբեք նման բան չենք քննարկել»։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Նիկի Հեյլին հանդես է եկել քաղաքական գործիչների կոգնիտիվ կարողությունները թեստի միջոցով ստուգելու, ինչպես նաև օրենսդիրների կողմից պաշտոն զբաղեցնելու համար որոշ սահմանափակումներ սահմանելու առաջարկով։

«Այն Ամերիկայում, որը ես եմ տեսնում, անընդհատ պաշտոն զբաղեցնող քաղաքական գործիչը, ի վերջո, պետք է հրաժարական տա», - ասել է նա՝ հավելելով, որ ընտրվելու դեպքում կոնգրեսում պաշտոնավարման ժամկետի սահմանափակումներ կլինեն, իսկ 75 տարեկանից բարձր քաղաքական գործիչները պարտադիր թեստավորում կանցնեն կոգնիտիվ կարողությունների ստուգման համար։

ԱՄՆ առաջին տիկնոջ հետ համակարծիք է նաև 81-ամյա անկախ սենատոր Բերնի Սանդերսը։ Վերջինս Հեյլիի առաջարկն «աբսուրդ» է որակել։

«Մենք պայքարում ենք ռասիզմի դեմ, պայքարում ենք սեքսիզմի դեմ, հոմոֆոբիայի դեմ։ Կարծում եմ, որ մենք պետք է պայքարենք նաև էյջիզմի դեմ», - ասել է Սանդերսը CBS-ի հետ զրույցում: