Իսրայելն Ադրբեջանին միլիարդավոր դոլարների զենք է վաճառում, իսկ դրա դիմաց Ադրբեջանն Իսրայելին մատակարարում է նավթ և նաև հասանելիություն դեպի Իրան․ Haaretz

13:28 • 06.03.23

Անցած հինգշաբթի ադրբեջանական բեռնատար ինքնաթիռը վայրէջք է կատարել իսրայելական օդուժի՝ Էյլաթից հյուսիս գտնվող Օվդա ավիաբազայում։ Երկու ժամ մնալուց հետո, ինչպես միշտ, հին «Իլյուշին-76» ինքնաթիռը օդ է բարձրացել՝ վերադառնալով Բաքու. իսրայելական Haaretz պարբերականի հետաքննությունը, որը հիմնված է հանրությանը հասանելի ավիացիոն տվյալների վրա, ցույց է տալիս, որ վերջին յոթ տարվա ընթացքում ադրբեջանական Silk Way Airlines ավիաընկերության կողմից իրականացված 92 բեռնատար չվերթ վայրէջք է կատարել Օվդա ավիաբազայում՝ Իսրայելի միակ օդանավակայանում, որտեղով հնարավոր է երկիր մտցնել և այնտեղից դուրս բերել պայթուցիկներ։

Պարբերականը հիշեցնում է, որ վերջին երկու տասնամյակում Իսրայելը ռազմակավարական դաշինքի մեջ է Ադրբեջանի հետ. Իսրայելն Ադրբեջանին միլիարդավոր դոլարների զենք է վաճառում, իսկ դրա դիմաց Ադրբեջանը, ըստ աղբյուրների, Իսրայելին մատակարարում է նավթ և նաև հասանելիություն դեպի Իրան:

Ստորև մասնակի կրճատումներով ներկայացնում ենք Haaretz-ի հոդվածը.

«Ըստ արտասահմանյան ԶԼՄ-ների՝ Ադրբեջանը թույլ է տվել Մոսադին (Իսրայելի Հետախուզության և հատուկ առաջադրանքների վարչություն) ստեղծել առաջնային մասնաճյուղ՝ վերահսկելու, թե ինչ է կատարվում Իրանում և նույնիսկ օդանավակայան է պատրաստել, որը նախատեսված է Իսրայելին օգնելու համար, եթե նա որոշի հարձակվել Իրանի միջուկային օբյեկտների վրա։ Երկու տարի առաջվա տեղեկություններում ասվում էր, որ Մոսադի գործակալները, որոնք գողացել են Իրանի միջուկային արխիվը, այն մաքսանենգ ճանապարհով Իսրայել են տեղափոխել հենց Ադրբեջանի տարածքով: Այն փաստը, որ երկու երկրներն էլ Իրանը տեսնում են որպես ուղղակի սպառնալիք, միայն ամրապնդել է նրանց հարաբերությունները:

Ադրբեջանի պաշտոնական հաղորդագրությունների համաձայն՝ տարիների ընթացքում Իսրայելը Բաքվին վաճառել է ամենաառաջադեմ սպառազինության համակարգերը՝ բալիստիկ հրթիռներ, հակաօդային պաշտպանության և էլեկտրոնային պատերազմի համակարգեր, կամիկաձե անօդաչու սարքեր և այլն։

Ադրբեջանական Silk Way-ն Ասիայի խոշորագույն բեռնափոխադրումների ավիաընկերություններից է և, ըստ պաշտոնական փաստաթղթերի, ծառայում է որպես ենթակապալառու աշխարհի տարբեր պաշտպանության նախարարությունների համար: Ընկերությունը Boeing 747 բեռնատար ինքնաթիռներով շաբաթական երեք չվերթ է իրականացնում Բաքվի և Իսրայելի Բեն-Գուրիոն միջազգային օդանավակայանի միջև, իսկ անցյալ տարի այն Բեն-Գուրիոնում երրորդ էր՝ որպես ամենամեծ ծավալով բեռնափոխադրումներ իրականացրած արտասահմանյան ավիաընկերություն:

flight routes

Բայց այստեղ առաջին անգամ բացահայտված թվերը ցույց են տալիս, որ 2016 թվականից ի վեր ընկերության ԻԼ 76 ինքնաթիռներն առնվազն 92 անգամ վայրէջք են կատարել Օվդա օդանավակայանում, որը քաղաքացիական բեռնատար ինքնաթիռների համար անսովոր վայր է: Silk Way-ն այն շատ քիչ ավիաընկերություններից մեկն է, որը վայրէջք է կատարում Օվդայում. տարիների ընթացքում միայն մի քանի արևելաեվրոպական ավիաընկերություններ, որոնք պայթուցիկներ են տեղափոխել, վայրէջք են կատարել և օդ բարձրացել այնտեղից: Silk Way-ը 2018-ին չեխական լրատվամիջոցների հետաքննական զեկույցի կենտրոնում էր. զեկույցում ասվում էր, որ Ադրբեջանին վաճառելու համար արգելված զենքերն այնտեղ են բերվել՝ չնայած զենքի էմբարգոյին՝ Իսրայելի միջոցով գործարքի շրջանակում:

Photo by Yarden Antebi @ace_pio

Իսրայելի ավիացիոն օրենքն արգելում է պայթուցիկ նյութերի սովորական տեղափոխումը Բեն-Գուրիոն օդանավակայանից, քանի որ այն գտնվում է խիտ բնակեցված տարածքի կենտրոնում, պատմել են ավիացիոն ոլորտի աղբյուրները։ Միակ օդանավակայանը, որտեղից թույլատրվում է պայթուցիկ ներկրել և արտահանել, Օվդայում գտնվող Իսրայելի ռազմաօդային ուժերի ավիաբազան է, հավելել են աղբյուրները։ 2013 թվականի հոկտեմբերին Իսրայելի Քաղաքացիական ավիացիայի վարչության ղեկավար Գիորա Ռոմը ստորագրել է բացառություն, որը թույլ է տալիս Silk Way ինքնաթիռներին Օվդայից Բաքու տանել պայթուցիկ նյութեր, որոնք «դասակարգվում են որպես թռիչքով տեղափոխման համար արգելված վտանգավոր նյութեր»: Այս բացառությունը, որն այն ժամանակ տեղադրվել էր Քաղաքացիական ավիացիայի վարչության կայքում, պահանջում է անվտանգության խիստ պայմանների պահպանում և ներառում է ադրբեջանական ինքնաթիռների ցանկը, որում նշվածներին է միայն թույլատրված Օվդայից Ադրբեջան տեղափոխել պայթուցիկ նյութեր:

Israeli permit for Silkway airline to deliver explosives from Ovda to Azeri air base

Silk Way-ի ինքնաթիռները թույլտվության տրամադրումից ի վեր Օվդայում վայրէջք են կատարել գրեթե 100 անգամ: Տվյալները ցույց են տալիս դեպի Բաքու թռիչքների աճի տեմպերը հատկապես 2016-ի կեսերին, 2020-ի վերջին և 2021-ի վերջին, ինչը համընկնում է Լեռնային Ղարաբաղում մարտերի ժամանակաշրջանների հետ։ Այս չվերթերից մի քանիսը վայրէջք են կատարել Օվդայում՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական կանչով», - գրված է պարբերականի հոդվածում:

Դրանում նաև նշվում է, որ անկախության առաջին տարիներին և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը հույսը դնում էին խորհրդային զինանոցի վրա, սակայն Ստոկհոլմի Խաղաղության միջազգային ինստիտուտի տվյալներով՝ 2016 թվականից իրավիճակը փոխվել է, և Իսրայելն այժմ պատասխանատու է Ադրբեջանի սպառազինությունների գրեթե 70 տոկոսի համար։

«Իսրայելական զենքերը կարևոր դեր են խաղացել, երբ Հայաստանի դեմ մարտերը վերսկսվեցին երկու երկրների միջև 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմում և հատկապես 2020 թվականի երկրորդ Լեռնային Ղարաբաղի պատերազմի ժամանակ, ինչպես նաև 2022 թվականի մարտերում։

Ստոկհոլմի խաղաղության միջազգային ինստիտուտը նշում է, որ Իսրայելի պաշտպանական արտահանումն Ադրբեջան սկսվել է 2005 թվականին՝ Իսրայելի ռազմական արդյունաբերության (IMI Systems) կողմից Lynx համազարկային կրակի արձակման կայանքների վաճառքով, որի հեռահարությունը 150 կիլոմետր է: IMI-ը, որը ձեռք է բերել Elbit Systems-ը 2018 թվականին, նաև մատակարարել է LAR-160 թեթև հրետանային հրթիռներ՝ 45 կիլոմետր հեռահարությամբ, որոնք, ըստ Human Rights Watch-ի զեկույցի, օգտագործվել են Ադրբեջանի կողմից՝ Լեռնային Ղարաբաղի բնակելի թաղամասերում արգելված կասետային զինամթերք կրակելու համար:

2007 թվականին Ադրբեջանը պայմանագիր է ստորագրել Aeronautics Defense Systems-ից չորս հետախուզական անօդաչու թռչող սարք գնելու մասին։ 2008-ին Բաքուն Elbit Systems-ից գնել է 10 Hermes 450 անօդաչու թռչող սարք և Rafael Advanced Defense Systems-ի կողմից արտադրված 100 Spike հակատանկային հրթիռ, իսկ 2010-ին գնել է ևս 10 անօդաչու թռչող սարք:

Azeri President Aliyev with Israeli Spike missiles and Hanit artillery

Elbit-ին պատկանող Soltam Systems-ն Ադրբեջանին վաճառել է ATMOS ինքնագնաց հրետանային սարքեր և 120 միլիմետրանոց Cardom ականանետներ, իսկ 2017 թվականին Ադրբեջանի զինանոցը համալրվել է ավելի առաջադեմ Hanit ականանետներով։ Wikileaks-ում գաղտնազերծված հեռագրի համաձայն՝ Tadiran-ից առաջադեմ կապի սարքավորումների վաճառքը նույնպես ստորագրվել է 2008-ին:

Իսրայելը և Ադրբեջանը 2011 թվականին ամրապնդել են իրենց հարաբերությունները 1,6 միլիարդ դոլար արժողությամբ հսկայական գործարքով, որը ներառում էր Barak հրթիռների մարտկոց՝ ինքնաթիռներ և հրթիռներ որսալու համար, ինչպես նաև Searcher և Heron անօդաչու թռչող սարքեր: Հաղորդվել է, որ 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի Երկրորդ պատերազմի ավարտին մոտ Barak մարտկոցը խոցել է Հայաստանի կողմից արձակված «Իսկանդեր» բալիստիկ հրթիռը։

Բացի այդ, Aeronautics Defense Systems-ը սկսել է համագործակցել նաև Ադրբեջանի տեղական զենքի արդյունաբերության հետ. արդյունքում արտադրվել են Orbiter kamikaze 100 անօդաչու թռչող սարքերը:

Ադրբեջանական բանակի տանկերի արդիականացման նախագիծը սկսվել է 2010-ականների սկզբին։ Elbit Systems-ը հին խորհրդային Տ 72 մոդելներն արդիականացրել և համալրել է նոր պաշտպանիչ զրահով, ինչպես նաև թիրախների արագ և ճշգրիտ որոշման և կրակի կառավարման համակարգերով: 

Ադրբեջանի ռազմածովային ուժերը 2013 թվականին համալրվել են վեց պարեկային նավով, որոնք հիմնված են Իսրայելի ռազմածովային ուժերի Sa'ar 4.5 դասի հրթիռային նավերի վրա: Ադրբեջանի ռազմածովային ուժերը նաև գնել են 100 Lahat հակատանկային կառավարվող հրթիռներ։

2014-ին Ադրբեջանը IAI-ից պատվիրել է առաջին 100 Harop kamikaze անօդաչու թռչող սարքերը, որոնք կարևոր գործիք էին հետագա մարտերում: Նույն տարում Ադրբեջանը նաև օդային նախազգուշացման և պաշտպանության երկու առաջադեմ ռադիոտեղորոշիչ համակարգեր է ձեռք բերել IAI դուստր ձեռնարկությունից:

Azeri President Aliyev with an Israeli Harop kamikaze drone

Երկու տարի անց Ադրբեջանը Elbit Systems-ից գնել է ևս 250 SkyStriker կամիկաձե անօդաչու թռչող սարք։ Մարտական շրջաններից բազմաթիվ տեսանյութեր ցույց են տվել, թե ինչպես են իսրայելական անօդաչու թռչող սարքերը հարձակվում հայկական ուժերի վրա։

2017 թվականին Ադրբեջանը Elbit Systems-ից ձեռք է բերել առաջադեմ Hermes 900 անօդաչու թռչող սարքեր, իսկ IAI-ից՝ LORA բալիստիկ հրթիռներ՝ 430 կիլոմետր հեռահարությամբ: 2020 թվականի պատերազմի ժամանակ առնվազն մեկ LORA հրթիռ է արձակվել։

Ավելի առաջադեմ Spike հրթիռներն ուղարկվել են 2019 և 2020 թվականներին: 

2022 թվականի հոկտեմբերին Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցն այցելել է Ադրբեջան և հանդիպել երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Պաշտոնական հաղորդագրության մեջ Գանցը նշել է, որ իր այցը վերաբերում է անվտանգության և քաղաքականության խնդիրներին և երկու երկրների միջև համագործակցության խորացմանը։  Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել է Իսրայելի պաշտպանական արդյունաբերության հետ բիզնեսի ընդլայնման հարցը: Կարճ ժամանակ անց Ադրբեջանը պաշտոնապես հայտարարեց, որ շուտով առաջին անգամ դեսպանություն է բացելու Իսրայելում՝ դա անվանելով «պատմական քայլ»։

Այս ացից ի վեր  Ադրբեջանի և նրա հարևան Իրանի միջև լարվածությունը սրվել է։ Լեռնային Ղարաբաղից եկող տեղեկությունների համաձայն՝  Ադրբեջանի հարաբերությունները Հայաստանի հետ կրկին հասել են եռման կետին, և կարող է սպասվել մեկ այլ դաժան հակամարտություն։ Իսկ մինչ այդ Օվդա ավիաբազայում վայրէջք է կատարել ադրբեջանական ևս յոթ ինքնաթիռ։ Երկու ժամ մնալուց հետո, վերցնելով իրենց բեռը, դրանք մեկնել են՝ վերադառնալով Բաքու», - եզրափակել է պարբերականը: