Անզորության ակտ․ Ուկրաինայի ԱԳՆ ներկայացուցիչը մեկնաբանել է Լուկաշենկոյի՝ Զելենսկիի հասցեին ասած խոսքերը

20:50 • 07.03.23

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Օլեգ Նիկոլենկոն մեկնաբանել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի խոսքերն Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու մասին։

Ֆեյսբուքյան իր էջում արած գրառման մեջ Նիկոլենկոն նշել է, որ Լուկաշենկոյի հայտարարությունն այն մասին, թե Ուկրաինան ցանկանում է Բելառուսին ներքաշել պատերազմի մեջ, Ուկրաինայի կողմից արհեստական սպառնալիք ստեղծելու հերթական փորձն է, որով Բելառուսի նախագահը փորձում է արդարացնել ռուսական ագրեսիային իր ցուցաբերած աջակցությունը։

Անդրադառնալով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հասցեին Լուկաշենկոյի հնչեցրած խոսքերին, ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ իրենք չեն արձագանքի նման հայտարարություններին։

«Ալեքսանդր Լուկաշենկոն իրեն թույլ է տվել կոպիտ անձնական հարձակում Ուկրաինայի նախագահի վրա։ Մենք անպատասխան կթողնենք այս անզորության ակտը»,- հավելել է նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Զելենսկիին «ոջիլ» էր անվանել։ Անկախության պալատում պետական մրցանակների հանձնման արարողության ժամանակ նա հայտարարել էր, որ Ուկրաինան ցանկանում է ամերիկացիների հրամանով Բելառուսին ներքաշել պատերազմի մեջ։

Լուկաշենկոն հայտարարել է «ուկրաինական հատուկ ծառայությունների ահաբեկչի և նրա հանցակիցների» ձերբակալության մասին, որոնք մասնակցել են Մինսկի մերձակայքում գտնվող օդանավակայանում ռուսական ինքնաթիռի նկատմամբ դիվերսիայի փորձին։

«Միայն մեկ եզրակացություն կա. ես ինչ-որ կերպ կարծում էի, որ Ուկրաինային խաղաղություն է պետք, որ Զելենսկին ցավում է հանուն իր ժողովրդի: Նախագահ Զելենսկին պարզապես ոջիլ է, ոջիլ: Նման գործողություններ չեն իրականացվում առանց երկրի ղեկավարի և գլխավոր հրամանատարի հետ համաձայնեցման»,- ասել է Բելառուսի ղեկավարը։