Կրեմլը բացարձակապես կապ չունի դրա հետ. Պեսկովը՝ Վրաստանում աղմկահարույց օրինագծի պատճառով սկսված բողոքի ակցիաների մասին

14:20 • 09.03.23

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը ոչ մի կապ չունի Վրաստանում զանգվածային բողոքի ակցիաների առիթ դարձած աղմկահարույց օտարերկրյա գործակալների մասին օրինագծի հետ, որը հետ է կանչվել իշխանությունների կողմից։ Նրա խոսքերը մեջբերում է lenta.ru-ն:

«Այնտեղ ոչ մի բան էլ չի ոգեշնչվել Կրեմլից։ Կրեմլը բացարձակապես կապ չունի դրա հետ»,- ասել է նա՝ պատասխանելով լրագրողների խնդրանքին՝ մեկնաբանելու այն պնդումը, թե իբր օրինագիծը ներշնչված է Կրեմլից։

Ինչպես գրում է gazeta.ru-ն, Պեսկովը մեկնաբանել է օտարերկրյա գործակալների մասին օրինագծի հետ կապված Վրաստանում սկիզբ առած անկարգությունները:

«Սա մեզ հարևան պետություն է, և չնայած այն հանգամանքին, որ մենք որպես այդպիսին Վրաստանի հետ հարաբերություններ չունենք, այնուամենայնիվ, իհարկե, այնտեղ իրավիճակը չի կարող չառաջացնել մեր անհանգստությունը», - ասել է Պեսկովը։

Նա ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնության համար կարևոր է, որ պետության սահմանների պարագծում հանգստություն տիրի։

Հիշեցնենք, որ բողոքի զանգվածային ակցիաներից հետո Վրաստանի իշխող «Վրացական երազանք՝ Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը որոշել է խորհրդարանից հետ կանչել օտարերկրյա գործակալների մասին աղմկահարույց օրինագիծը:

Նշենք, որ Վրաստանում ցուցարարները չեն դադարեցնում բողոքի ակցիաները։ Նախաձեռնող խումբը հանդես է եկել հայտարարությամբ,կոչ անելով հավաքվել այսօր կրկին Ռուսթավելի պողոտայում։

Հիշեցնենք, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ասել է, որ նրանք, ովքեր Ռուսթավելիի պողոտայում կանգնած են «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ, ներկայացնում են ազատ Վրաստանը։

«Այս օրենքը ոչ մեկին պետք չէր, այն վերցված էր ոչ մի տեղից, բացի Մոսկվայի թելադրանքից։ Սա պետք է չեղարկվի: Ոչ մի ձևով այն չպետք է ուղարկվի Վենետիկի հանձնաժողով։ Նրանք շատ լավ գիտեն, թե ինչ օրենք է սա։ Առաջին օրվանից ասել եմ, որ վետո է լինելու։ Եվ վետո կլինի», - ասել է նախագահը։

Մինչդեռ ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելը, մեկնաբանելով Վրաստանում տեղի ունեցող զարգացումները, ասել էր, որ օտարերկրյա գործակալների մասին օրենքի վրացական տարբերակի ընդունումը վատ զարգացում է Վրաստանի և նրա ժողովրդի համար և հակասում է Եվրամիությանն անդամակցելու Թբիլիսիի ձգտումներին։ 

«Վրաստանի խորհրդարանը երեքշաբթի առաջին ընթերցմամբ ընդունել է արտաքին ազդեցության թափանցիկության մասին նոր օրենքը, ինչը շատ վատ զարգացում է Վրաստանի և նրա ժողովրդի համար: Օրենքն անհամատեղելի է ԵՄ արժեքների և չափանիշների հետ. դա հակասում է Եվրամիությանն անդամակցելու Վրաստանի հայտարարած նպատակին»,- ասել էր նա։

Բորելը կոչ էր արել «հարգել Վրաստանի քաղաքացիների խաղաղ բողոքի իրավունքը»: Նրա կարծիքով՝ օրենքը «իր ներկայիս տեսքով սպառնում է սառեցնող ազդեցություն ունենալ քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների վրա՝ բացասական հետևանքներ ունենալով շատ վրացիների համար»։

Նա զգուշացրել էր, որ օրենքի կիրառումը «կարող է լուրջ հետևանքներ ունենալ ԵՄ-ի հետ հարաբերությունների վրա»։

Ըստ օրինագծի՝ իրավաբանական անձը, որի ֆինանսավորման ավելի քան 20%-ը գալիս է արտերկրից, պետք է համարվի օտարերկրյա ազդեցության գործակալ։ Փաստաթղթի համաձայն՝ լրատվամիջոցները կարող են լինել նաև օտարերկրյա գործակալ, մինչդեռ նախաձեռնությունը չի վերաբերում ֆիզիկական անձանց։