Պուտինը կարծում է, որ Ուկրաինայում պատերազմի շարունակումը կարող է լինել լավագույն ճանապարհը, նույնիսկ եթե դա տարիներ տևի. ԱՄՆ հետախուզություն
Ամերիկյան հետախուզությունը հակված է կարծելու, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «հավանաբար չի ցանկանում ուղղակի ռազմական հակամարտություն ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ուժերի հետ, սակայն դրա հնարավորության հավանականությունը կա»։ Այս մասին ասել է ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Ավրիլ Հեյնսը՝ Կոնգրեսին տարեկան զեկույցի ժամանակ, հայտնում է CNN-ը:
«Ռուսաստանը այժմ խուսափում է այնպիսի գործողություններից, որոնք կընդլայնեն ուկրաինական հակամարտությունը Ուկրաինայի սահմաններից դուրս, սակայն էսկալացիայի ռիսկը մնում է զգալի»,- ասվում է զեկույցում։
Դրանում նաև նշվում , որ Պուտինը պատրաստվում է Ուկրաինայի դեմ երկարաժամկետ պատերազմի։
Հեյնսի խոսքով՝ Ուկրաինայում պատերազմը դարձել է մաշեցնող, և դրանում կողմերից ոչ մեկը վերջնական առավելություն չունի։ Իսկ հիմա Պուտինը, ամենայն հավանականությամբ, ցանկանում է դա շարունակել տարիներ։
«Մենք կանխատեսում ենք, որ այս տարի ռուս զինվորականները այնքան չեն վերականգնվի, որպեսզի զգալի տարածքային ձեռքբերումներ ունենան, բայց Պուտինը, ամենայն հավանականությամբ, գտնում է, որ ժամանակն աշխատում է հօգուտ իրեն, և պատերազմի շարունակությունը, այդ թվում՝ ռազմական գործողությունների հնարավոր դադարներով, կարող է լինել իր լավագույն ճանապարհը՝ Ուկրաինայում Ռուսաստանի ռազմավարական շահերն ապահովելու համար, նույնիսկ եթե դրա համար տարիներ պահանջվեն», - ասել է պաշտոնյան:
Հետախուզության տնօրենը նաև նշել է, որ Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, չի կարողանա պահպանել Ուկրաինայում հարձակողական գործողությունների նույնիսկ այն համեստ մակարդակը, որն այժմ ունի առանց լրացուցիչ պարտադիր մոբիլիզացիայի:
Միևնույն ժամանակ, Հեյնսը զգուշացրել է, որ ուկրաինական պոտենցիալ գարնանային հարձակումը կարող է խոչընդոտվել կենդանի ուժի և սարքավորումների կրճատմամբ՝ պայմանավորված ռուսական ներկայիս հարձակումներից պաշտպանվելու անհրաժեշտությամբ:










