Սյունիքում դպրոցականներին տեղափոխող ավտոբուսը մոտ 5 մետր բարձրությունից ընկել է գետը․ կա 1 զոհ, 25 տուժածներից 15-ը աշակերտներ են (թարմացվող, լուսանկարներ)

15:45 • 10.03.23

19:50

Սյունիքի մարզում ավտոբուսի՝ գետը գլորվելու դեպքի առթիվ 2023թ. մարտի 10-ին ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ:

Կատարվել է դեպքի վայրի և տրանսպորտային միջոցի զննություն, նշանակվել են դիակի դատաբժշկական և դատաբժշկական փորձաքննություններ:

Հիվանդանոց տեղափոխված թվով 23 ուղևորները, այդ թվում նաև մահացած ուսուցչուհին, ճանաչվել են տուժող։ Նրանցից 14-ը դպրոցի աշակերտներ են, 8-ը՝ ուսուցիչներ, 1-ը՝ սպասարկող անձնակազմից։

Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ դեպքի հանգամանքները, այդ թվում տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակը, երթևեկելի գոտուց դուրս գալու պատճառները պարզելու ուղղությամբ։ Այդ նպատակով նշանակվել է նաև դատավտոտեխնիկական փորձաքննություն։

19:15

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր դպրոցական ավտոբուսի վթարի վայր այցելելուց հետո եղել է Կապանի բժշկական կենտրոնում․ նա շրջել է հիվանդասենյակներում, տեղեկացել բուժում ստացող ուղևորների առողջական վիճակի մասին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Սյունիքի մարզպետարանը։

«Երեխաների առողջական վիճակն այս պահին գնահատվում է բավարար: Մեծահասակներից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծանր, մյուսներինը` բավարար:

Նշենք, որ վթարից տուժածների բուժօգնությունն առավել արագ ու արդյունավետ կազմակերպելու համար Կապանի բժշկական կենտրոն լրացուցիչ բժիշկ մասնագետներ են տեղափոխվել նաև Գորիսի ու Քաջարանի ԲԿ-ներից», - ասված է հաղորդագրության մեջ։

17:45

Սյունիքի մարզում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով Կապանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 23 տուժած`տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով: Այս մասին հաղորդում է Առողջապահության նախարարությունը:

Նրանցից 14-ը երեխաներ են, ունեն տարբեր կոտրվածքներ: Բոլորի առողջական վիճակն այս պահին գնահատվում է բավարար:

Տուժածներից 9-ը մեծահասակ են: Նրանցից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծանր, մյուսներինը` բավարար:

Տուժածները ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն:

17:30

Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհի 16-րդ կմ-ին Օխտար գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտներին և անձնակազմին տեղափոխող «PAZ» մակնիշի ավտոբուսը վարել է վարորդ Լ. Գ.-ն, ծնված 1948 թ.:

ՓԾ-ի հաղորդմամբ՝ տուժածները 25-ն են՝ ավտոբուսի վարորդը, դպրոցի 9 աշխատակից և 15 աշակերտ: Նրանք հոսպիտալացվել են Կապանի ԲԿ, որտեղ արձանագրվել է ուսուցիչ Թ․ Դ․-ի (ծնված 1970 թ․) մահը։

Հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոբուսը դուրս է բերվել գետից։

16:40

Այսօր, ժամը 14.20-ին, ոստիկանության Կապանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Կապան համայնքի Նորաշենիկ բնակավայրի ճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. վթարի է ենթարկվել «ՊԱԶ» մակնիշի ավտոբուս: Ժամը 16.10-ի դրությամբ տուժած 24 քաղաքացի, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են Կապանի բժշկական կենտրոն: Նրանցից մեկը՝ 1970 թ. ծնված Թամարա Դավթյանը, մահացել է:

16:10

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը «Լուրերի» հետ զրույցում տեղեկացրել է, որ կան տասնյակից ավելի վիրավորներ: Այս պահին հայտնի է մեկ կնոջ մահվան մասին:

16:05

Մարտի 10-ին, ժամը 14:21-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոբուսը շրջվել է ձորը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Նախնական տվյալներով կա 21 տուժած։

***

Սյունիքում խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Shamshyan.com–ի փոխանցմամբ՝ Կապան-Առաջաձոր  ավտոճանապարհին, Առաջաձոր գյուղի վարչական տարածքում դպրոցականների տեղափոխող ավտոբուսը, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 5 մետր բարձրությունից գլխիվայր հայտնվել գետում։ Վթարի հետևանքով կան բազմաթիվ վիրավորներ, այդ թվում՝ դպրոցում աշխատող 9 ուսուցիչներ, 2 մաքրուհիներ և աշակերտներ։ Վերջիններիս թիվը պարզվում է։ 15-ից ավելի վիրավորների դուրս են բերել և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։