Պետգույքը օգտագործման կանոններ ունի, ցանկացած քաղաքացի չի կարող գալ ու օգտագործել այն․ Ռուստամ Բադասյանը՝ ՊՆ նախկին շենքի մասին
Ի՞նչ կարևոր է, թե ՊՆ նախկին շենքը ՊԵԿ-ի բալանսում է, ՊՆ-ի բալանսում է, թե պետգույքն է կառավարում։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով ՊՆ նախկին շենքի խնդրին, որտեղից հանել են այնտեղ բնակություն հաստատած քաղաքացիներին:
«Պետական գույքը օգտագործման կանոններ ունի ու չի կարող ցանկացած քաղաքացի գալ ու ցանկացած ձևով օգտագործել: Մի քանի անգամ պարզաբանել ենք, որ վթարային աստիճանի շենքեր են, բավական լուրջ անվտանգային խնդիրներով և այնտեղ նույնիսկ ժամանակավոր գտնվելը կյանքի ու առողջության համար վտանգավոր է: Որքանով ես եմ տեղյակ, պատկան գերատեսչությունները առնվազն որոշ անձանց մասով կացարանով են ապահովել և այլ սոցիալական միջոցառումների շրջանակներում զբաղվել կամ զբաղվում են»,- ասաց ՊԵԿ նախագահը:
Հիշեցնենք, որ 2022 թվականի ապրիլի 15-ի որոշումով՝ Կառավարությունը ՊՆ նախկին շենքը ամրացրել է ՊԵԿ-ին՝ այն արտաքին տնտեսական գործունեության (ԱՏԳ) կենտրոն դարձնելու նպատակով։
Փետրվարի 16-ին շենքից վտարված քաղաքացիները բողոքի ակցիաներ են իրականացնում, նրանք ցանկանում են Կառավարության որոշում, ըստ որի՝ շենքին կտրվի բնակելի կարգավիճակ, իսկ իրենք կկարողանան վերադառնալ իրենց բնակարաններ։










