Ուկրաինայի ԱԳՆ-ն հերքել է Վրաստանի ղեկավարության հայտարարությունները Զելենսկու կողմից Թբիլիսիում բողոքի ցույցերին աջակցելու մասին

16:37 • 13.03.23

Ուկրաինայի ԱԳՆ ներկայացուցիչ Օլեգ Նիկոլենկոն հայտարարել է, որ Վրաստանի ղեկավարության հայտարարություններն այն մասին, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և ուկրաինացի այլ քաղաքական գործիչներ սատարում են Թբիլիսիում բողոքի ցույցերը, անբարյացակամ են և իրականությանը չեն համապատասխանում։

Նիկոլենկոն նշել է, որ վերջին մի քանի օրվա ընթացքում Վրաստանի կառավարությունը մի շարք ոչ բարեկամական հայտարարություններ է արել Ուկրաինայի դեմ, գրում է korrespondent.net-ը:

Նա հավելել է, որ վրացական իշխանությունների ներկայացուցիչները Կիևին մեղադրել են Վրաստանում պետական հեղաշրջում նախապատրաստելու, ինչպես նաև նրան Ռուսաստանի հետ հակամարտության մեջ ներքաշելու և քաղաքացիական պատերազմ հրահրելու նպատակով Թբիլիսի ուժեր ուղարկելու համար։

«Մենք կտրականապես մերժում ենք իրականության հետ ոչ մի կապ չունեցող նման ակնարկները»,- ասել է ԱԳՆ խոսնակը։

Նիկոլենկոն ևս մեկ անգամ հայտարարել է, որ Ուկրաինան եղել և մնում է վրաց ժողովրդի բարեկամը։

Հիշեցնենք, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել էր, որ Ուկրաինան Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին ուղարկել է իր հայրենիք՝ Վրաստանում իրավիճակը ապակայունացնելու և երկիրը ռազմական գործողությունների մեջ ներքաշելու համար։ 

«Ուկրաինայում պատերազմի սկիզբը սպասվում էր դեռ (2021թ.) նոյեմբերին, առավելագույնը՝ դեկտեմբերին։ Մենք այդ մասին տեղեկություն ունեինք, այդ թվում՝ ես էլ այդ մասին գիտեի մեր գործընկերներից։ Ե՞րբ Սաակաշվիլին ժամանեց Վրաստան, հոկտեմբերի 1-ին։ Սաակաշվիլիին կազմակերպված ձևով ուղարկեցին, հիմնական նպատակն այստեղ հեղաշրջում կազմակերպելն էր և ճիշտ ժամանակին երկրներին պատերազմի մեջ ներքաշելն էր: Մենք այսօր դրանում կասկած չունենք»,- ասել էր Ղարիբաշվիլին։

Վարչապետի խոսքով՝ «Ուկրաինայի համար, հավանաբար, մի տեսակ թեթևացում կլիներ, եթե Ռուսաստանը իր ուշադրությունը տեղափոխեր» Վրաստանի վրա։ Ըստ Ղարիբաշվիլիի, եթե Սաակաշվիլիի հիմնադրած ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը լիներ իշխանության, Վրաստանը «կվերածվեր պոլիգոնի», իսկ երկիրը կստանար «երկրորդ Մարիուպոլը»։ Այսպիսով, Ուկրաինան «ժամանակ կշահեր», եզրափակել է Վրաստանի վարչապետը։