Կոլումբիայում առգրավվել է թմրավաճառների սուզանավ՝ ավելի քան 2,5 տոննա կոկաինով

12:28 • 14.03.23

Կոլումբիայի ռազմածովային ուժերը առգրավել են թմրանյութերի ապօրինի շրջանառության ինքնաշեն սուզանավ, որում հայտնաբերվել է երկու դի և ավելի քան 2,5 տոննա թմրանյութ: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ գործակալությունը՝ Semana ամսագրին հղումով:

«Կոլումբիայի ռազմածովային ուժերը Խաղաղօվկիանոսյան ծովային գոտում վերահսկողության և անվտանգության գործողությունների շրջանակներում որսացել են կիսասուզվող սուզանավ, որը տեղափոխում էր 2643 կգ կոկաինի հիդրոքլորիդ, որը տարվում էր դեպի Կենտրոնական Ամերիկա», - ասվում է ռազմածովային ուժերի հայտարարության մեջ:

«Բոլոր ձերբակալվածները, ինչպես նաև թմրանյութերը և մահացածների դիերը, տեղափոխվել են Նարինոյի դեպարտամենտի Թումակո գյուղ, որտեղ նրանք հանձնվել են համապատասխան մարմիններին։ Այս գործողությունն իրականացվել է միջազգային աջակցությամբ, և իրավապահ մարմինների գործողությունների շնորհիվ կանխվել է ավելի քան 87 միլիոն դոլարի մուտք թմրանյութերի վաճառքով զբաղվող կազմակերպությունների գանձարան»,- ասել է ՌԾՈւ ներկայացուցիչը։