Երկրի անվտանգային գլխավոր հարցերից մեկն էլ մշակույթի զարգացումն է. Երվանդ Թարվերդյան
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ժողովրդական նկարիչ, Ազգային պակերասրահի նախկին տնօրեն Փարավոն Միրզոյանը, որի հոբելյանական ցուցահանդեսն օրերս բացվել է Հայաստանի ազգային պատկերասրահում, հյուրընկալել է «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Երվանդ Թարվերդյանին:
Հանդիպման ընթացքում արվեստագետը նշել է, որ առիթ է ունեցել մի քանի անգամ անդրադառնալու արվեստագետների խնդրին և ընդգծել, որ, ըստ իրեն, կառավարությունը, ԿԳՄՍ նախարարությունը բավականաչափ չեն աջակցում մշակույթին:
«Ներկա կառավարությանը մշակույթ պետք չէ»,-նշել է արվեստագետը:
Նրա խոսքով՝ փոքր ինչ վիրավորական է, որ պետությունը չի օժանդակում, որպեսզի արվեստի վաստակավոր գործիչների գործերը ցուցադրվեն արտասահմանում:
«32 տարի երկրի բոլոր ղեկավարները ոչնչացրեցին մեր մշակութային կյանքը: Խորհրդային տարիներին, երբ խոսում էին հանրապետությունների մասին, ասում էին, որ ամենակիրթ ու զարգացած պետությունը Հայաստանն է: Երեսուներկու տարվա ընթացքում չբացվեց ոչ մի նոր համերգասրահ կամ մշակութային լուրջ կենտրոն»,- մեկնաբանել է արվեստագետը:
Քաղաքական-հասարակական գործիչ Երվանդ Թարվերդյանը լսել ու ծանոթացել է արվեստագետի ներկայացրած մշակութային խնդիրներին:
«Ես հաճախ եմ հյուրընկալվում նկարիչներին, մշակութային խնդիրների առաջին անգամ չէ, որ բախվում եմ: Պետության անվտանգային հարցը միայն ուժեղ զորք ունենալը չէ: Այսօր մենք բղավում ենք, որ Արցախից տարածքներ են խլում, խոսում ենք, որ դա մերն է: Մերը լինելու գլխավոր ապացույցը մշակույթն է, որը սակայն պատշաճ կերպով չի պահպանվում ու չի զարգանում»,- ասել է Երվանդ Թարվերդյանը:











