Սաուդյան Արաբիայի թագավորն Իրանի նախագահին հրավիրել է Էր Ռիադ
Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդուլազիզ Ալ Սաուդն Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին հրավիրել է այցելել Էր Ռիադ։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահի աշխատակազմի քաղաքական հարցերով տեղակալ Մոհամմադ Ջամշիդին, փոխանցում է Tasnim գործակալությունը։
Նրա խոսքով՝ Սաուդյան Արաբիայի միապետը, «ողջունելով երկու եղբայրական երկրների (դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին) համաձայնությունը»՝ Ռաիսիին ուղղված նամակում, «հրավիրել է նրան պաշտոնական այցով Էր Ռիադ և կոչ արել ամրապնդել տնտեսական և տարածաշրջանային համագործակցությունը»։
Ջամշիդիի խոսքով՝ Իրանի նախագահն ընդունել է թագավորի հրավերը։
Ավելի վաղ Reuters-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Սաուդյան Արաբիան Իրանից ակնկալում է կատարել Էր Ռիադի հետ պայմանավորվածությունը, որը ձեռք է բերվել Չինաստանի միջնորդությամբ։ Գործակալության տվյալներով՝ Սաուդյան Արաբիայի քաղաքական գործիչները կարծում են, որ Պեկինը լծակներ ունի Թեհրանի վրա ճնշում գործադրելու և նրան ստիպելու հետևելու պայմանավորվածություններին։ Ինչպես նշվում է, Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչներից մեկի խոսքով, որը ցանկացել է անհայտ մնալ, Չինաստանը եզակի վիճակում է, քանի որ բացառիկ հարաբերություններ ունի ինչպես Իրանի, այնպես էլ Ռիադի հետ։ Մարտի 10-ին հայտնի դարձավ, որ Իրանը և Սաուդյան Արաբիան չինական կողմի միջնորդությամբ համաձայնագիր են ստորագրել դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին, և նախատեսվում է դեսպանատներ բացել երկու ամսվա ընթացքում։










