Կոլումբիայում այրին միտումնավոր մի քանի տարի գայթակղել է ամուսնուն սպանողին, ապա, որպես վրեժ, նրան հանձնել ոստիկանությանը

18:55 • 21.03.23

Կոլումբիացի կինը, որն ամուսնուն կորցրել է տեղի հանցախմբերից մեկի ղեկավարի իրագործած սպանության պատճառով, տարիներ շարունակ պլանավորել է իր վրեժը՝ գայթակղելով ամուսնուն սպանողին և ապացույցներ հավաքելով նրա հանցանքների վերաբերյալ, որպեսզի ավելի ուշ նրան հանձնի ոստիկանությանը:

Ինչպես գրում է Oddity Central-ը, այս պատմությունը նման է հոլիվուդյան բլոքբասթերի սցենարի. կոլումբիացի կնոջը հաջողվել է անել այն, ինչ չեն կարողացել ոստիկաններն ու զինվորականները՝ վրեժ լուծել ամուսնու սպանության համար և պատասխանատվության ենթարկել վտանգավոր հանցագործին: Անանուն կնոջը ոստիկաններն ու լրագրողները ներկայացրել են որպես հերոս:

Հանցագործը Ռուբեն Դարիո Վիլորիա Բարիոսն էր, որը զբաղվում էր սպանություններով, զենք-զինամթերքի, թմրանյութերի թրաֆիքինգով: Աղբյուրը մանրամասնում է, որ ամուսնու մահը սգացող կինը նրա մասին որոշ տեղեկություններ ստանալուց հետո սկսել է ներթափանցել հանցագործի միջավայր՝ կամաց-կամաց մտերմանալով նրա հետ և ի վերջո ստիպելով նրան սիրահարվել իրեն:

Վիլորիա Բարիոսը, ի վերջո, սկսել է այնքան վստահել կնոջը, որ կիսվել էիր հանցավոր գործարքների մասին տեղեկություններով, որոնք հետո կինը փոխանցել է իշխանություններին: Ոստիկանները նրան կասկածում էին 2020 թվականից, սակայն չունենալով բավարար ապացույցներ նրան դատապարտելու համար, նրանք անզոր էին գործելու։ Մինչդեռ կնոջ տրամադրած տեղեկատվության շնորհիվ իշխանությունները կարողացել են տղամարդու դեմ հիմնավոր գործ հարուցել և կալանավորել նրան: