Եթե Նիկոլ Փաշինյանը մնաց վարչապետ, ՀՀ չի՛ լինելու, ամեն առավոտ արթնանալուց հիշե՛ք սա․ ՀՅԴ ՀԵՄ անդամները կառավարության դիմաց են (տեսանյութ)

14:06 • 22.03.23

Մենք այս մարդկանցից պահանջելու ոչինչ չունենք, այստեղ ենք, որ ցույց տանք, որ այս մարդիկ 100 օր է՝ լուռ են, ձեռքերը լվացել են Արցախից։ Այս մասին Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցայի ժամանակ ասաց ՀՅԴ ՀԵՄ անդամ Գոռ Սարգսյանը։

«Որքան էլ նրանք ներկայացնեն, որ Արցախի անվտանգությունը պատկանում է այլ երկրի, այս մարդիկ պատասխանատու են 120․000 մեր հայրենակիցների համար, սակայն նրանք լուռ են ու լվացել են իրենց ձեռքերը Արցախից»,- ասաց նա։

Սարգսյանը ասաց, որ իշխանությունները ստեղծված իրավիճակի համար մեղադրում են բոլորին, բացի իրենցից։

«Մեկ մեղավոր են նախկինները, մեկ մեղավոր է փլուզվող աշխարհը ու չգիտես ինչու՝ այդ ճգնաժամերի ժամանակ Հայաստանը միշտ պետք է հանձնի ու ծնկի գա։ Վերջերս էլ Նիկոլ Փաշինյանը ասաց, որ կա «5-րդ շարասյուն» և դրա պատճառով է, որ այսօր այս վիճակում ենք։ Նախ նորմալ երկրներում, եթե կա «5-րդ շարասյուն», իշխանությունները դրա մասին հայտարարում են «5-րդ շարասյանը» բռնելուց հետո։ Եթե կա «5-րդ շարասյուն», ապա այն նստած է այստեղ։ Նիկոլ Փաշինյանի անցած կյանքը և արած հայտարարությունները թե՛ մինչև 2018 թ. և թե՛ դրանից հետո չի բխում հայ ժողովրդի շահից։ Ինչպես է ստացվում, որ Նիկոլ Փաշինյանը Արցախյան հարցի հայանպաստ լուծում է առաջարկում մի քանի ամիս առաջ և այսօր այդ նույն բանաձևը ՀՀ-ին պարտադրում է Ալիևը։ Թող Դատախազությունը ուշադրություն դարձնի այս հանգամանքին»,- ասաց Գոռ Սարգսյանը։

ՀՅԴ ՀԵՄ ներկայացուցիչը նշեց, որ Հայաստանի իշխանությունները թշնամու օրակարգը բերում են Հայաստան։

«Եթե Նիկոլ Փաշինյանը մնաց ՀՀ վարչապետ, ՀՀ չի՛ լինելու, ամեն առավոտ արթնանալուց հիշե՛ք սա։ Այս մարդը եկել է, որ մեր հայրենիքը տա թշնամուն։ Խոսում եք ապօրինի գույքից, բա դրա համար եք եկել իշխանության, բայց պարզվեց, որ դուք դրա համար չեք եկել, դուք եկել եք Արցախը հանձնելու»,- ասաց կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող երիտասարդներից Գոռ Սարգսյանը։