Ապրիլի 15-ից հունիսի 15-ը կանցկացվեն վարժական հավաքներ. որոշում

12:40 • 23.03.23

Ապրիլի 15-ից հունիսի 15-ը կանցկացվեն վարժական հավաքներ: Այս մասին որոշումն ընդունվեց Կառավարության այսօրվա նիստում: 
Ըստ որոշման՝ նախագծի ընդունումը պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման վարժական հավաքների անցկացման անհրաժեշտությամբ:

Վարժական հավաքներին կներգրավեն մինչև 953 քաղաքացու, որոնցից 476-ը` կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի, 25-ը` ավագ ենթասպայական կազմի, 452-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:

 

Հայտարարվող վարժական հավաքների ծախսերն իրականացվելու են ՀՀ 2023 թվականի պետական բյուջեով ՀՀ պաշտպանության նախարարությանն այդ նպատակով հատկացված միջոցների հաշվին: