Ֆրանսիայում քննարկում են, թե ինչու է Մակրոնն ուղիղ եթերում «աննկատ» հանել թանկարժեք ձեռքի ժամացույցը (տեսանյութ)

13:15 • 24.03.23

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնվել է սկանդալում՝ կենսաթոշակային աղմկահարույց բարեփոխումների թեմայով հեռուստատեսային հարցազրույցի պատճառով, հայտնում է L'Independant-ը։

Ինչպես գրում է աղբյուրը, հաղորդմանը հետևող ֆրանսիացիները նկատել են, որ Մակրոնը լրագրողների հետ զրույցի ժամանակ ձեռքերն իջեցրել  է սեղանի տակ ու դաստակից հանել թանկարժեք ժամացույցը։ Ֆրանսիայում սոցիալական ցանցերում բուռն քննարկում է ծագել այն հարցի շուրջ, թե ինչու է Ֆրանսիայի նախագահը ուղիղ ելույթի ժամանակ հանել ժամացույցը՝ արդյոք դա արվել է «աղքատներին չնյարդայնացնելու համա՞ր», թե՞ այլ պատճառով։

Արդյունքում France 2 և TF1 հեռուստաալիքների «13 ժամ» հաղորդաշարում Մակրոնի հետ հարցազրույցից մի հատված լայն տարածում է գտել սոցիալական ցանցերում։

«Խոսելով «նվազագույն աշխատավարձ ստացողների» մասին, որոնք «երբեք այնքան գնողունակություն չեն ձեռք բերել, որքան հիմա», նա զգուշությամբ սեղանի տակ է դնում իր գեղեցիկ շքեղ ժամացույցը»,- թվիթերյան իր էջում գրել է «Չնվաճված Ֆրանսիա» կուսակցության պատգամավոր Կլեմենս Գյոթեն։

Շատերը նախագահի արածն ընկալել են որպես միտումնավոր բան. նրանք ենթադրում են, որ Մակրոնը շքեղ ժամացույցը տեսադաշտից հեռացրել է՝ կենսաթոշակային բարեփոխումներից դժգոհ արհմիությունների բողոքի ցույցերի և նվազագույն աշխատավարձ ստացող մարդկանց վիճակի մասին զրույցի ժամանակ «անապահովներին առավել չգրգռելու համար»:

Միաժամանակ, Ֆրանսիայի նախագահի աշխատակազմում նկատել են, որ նման ժեստի պատճառը կարող է լինել տեխնիկական անհրաժեշտությունը. նախագահը հարցազրույցի ժամանակ ակտիվ ժեստիկուլյացիաներ է արել, իսկ ժամացույցը հաճախ հարվածել է սեղանին՝ ստեղծելով ձայնային միջամտություն։

«Նախագահը հանել է ժամացույցը ոչ թե այն թաքցնելու համար, այլ այն պատճառով, որ դրանով ուժեղ հարվածել է սեղանին», - լրագրողներին իրավիճակը մեկնաբանել են Ելիսեյան պալատում։

Հիշեցնենք, որ մարտի 23-ին Փարիզում վերսկսվել են արդեն իսկ հաստատված կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի ցույցերը, որոնց մասնակցել է կես միլիոնից ավելի մարդ: Այս ակցիան իններորդն էր հունվարի կեսերից ի վեր, երբ արհմիություններն առաջին անգամ դուրս են բերել մարդկանց՝ պայքարելու կենսաթոշակային տարիքի բարձրացման դեմ։

Ֆրանսիան մարտի 16-ին օրենք է ընդունել կենսաթոշակային տարիքը 62-ից 64-ի բարձրացնելու մասին։ Փաստաթուղթը հաստատվել է խորհրդարանում առանց քվեարկության: