ԱԽ քարտուղարը էստոնացի գործընկերներին ներկայացրել է Ադրբեջանի կողմից ՀՀ-ի և ԼՂ-ի նկատմամբ հավանական էսկալացիան

18:35 • 28.03.23

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն Էստոնիայի Հանրապետությունում հանդիպումներ է ունեցել Էստոնիայի վաչապետի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդատու Լիիս Լիպրե-Յարմայի, Արտաքին գործերի նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Կիլիկե Սիլաստե-Էլինգի, ինչպես նաև Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ (այժմ՝ անդամ) Մարկո Միհկելսոնի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԽ գրասենյակից, հանդիպումների ընթացքում կողմերը կարևորել են երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված բարձր մակարդակով հանդիպումների անցկացումը, ինչպես նաև ԵՄ առաքելության ներկայությունը Հայաստանում։

ԱԽ քարտուղարը գործընկերներին է ներկայացրել Հայաստանի անվտանգային սպառնալիքները, մասնավորապես՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ հավանական էսկալացիան։ 

Կողմերը կարևորել են Հայաստանի և Էստոնիայի միջև անվտանգային ոլորտում համագործակցությունը, ինչպես նաև Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման գործընթացները։