Երթուղու փոփոխության արդյունքում դիրքերի փոփոխություն չի եղել, չնայած՝ Ադրբեջանը դա ներկայացնում է որպես հերթական բլոկբաստեր․ Նիկոլ Փաշինյան
Կառավարության հերթական նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Լաչինի միջանցքի հետ կապված նոր զարգացում կա՝ պայմանավորված երթուղու փոփոխությամբ։
«Ինչպես տեղյակ եք, 2022թ. օգոստոսին Ադրբեջանի ու ԼՂ իշխանությունների միջև կայացած համաձայնության արդյունքում Լաչինի միջանցքի երթուղին փոխվեց՝ նոր ճանապարհի գործարկմամբ։ Բայց քանի որ Լաչինի միջանցքը ՀՀ-ին կապող ճանապարհը ամբողջությամբ պատրաստ չէր, գործարկվեց ժամանակավոր երթուղի, որը մուտք էր գործում ՀՀ տարածք Կոռնիձորի կամրջով, ապա նորից Ադրբեջանի տարածք, ապա նորից ՀՀ տարածք։ Ձեռքբերված պայմանավորվածության համաձայն նոր երթուղին պետք է գործեր մինչև 2023թ-ի ապրիլի 1-ը։ Նախօրեին մենք տեղեկացրել ենք ադրբեջանական կողմին, որ համաձայն պայմանավորվածության, Կոռնիձորի կամրջից հետո ճանապարհը շարունակվելու է միայն ՀՀ-ի տարածքով և որ ՀՀ սահմանապահ զորքերը ստանձնելու են այդ հատվածում ՀՀ պետական սահմանի պահպանությունը։ Քիչ առաջ ադրբեջանական լրահոսում հայտվեցին տեղեկություններ, որոնք փորձ են անում տեղի ունեցածը ներկայացել որպես մի հերթական բլոկբաստեր, այս մոտեցումը առնվազն կառուցողական չէ։ Կրկնում եմ, որ հայկական դիրքերի փոփոխություն այս ամենի արդյունքում տեղի չի ունեցել, այն տարբերությամբ, որ մենք մտադիր ենք խնդրո առարկա հատվածի պահպանությունը, ի տարբերություն նախկինի, իրականացնել սահմանապահ զորքերի միջոցով։ Փոփոխությունը հետևյալն է, նույն դիրքրերից ՀՀ պետական սահմանի երկայնքով ՊՆ ստորաբաժանումները դուրս են գալու ու նրանց փոխարեն տեղակայվելու են սահմանապահ զորքերը»,- ասաց նա։
Փաշինյանը ասաց, որ առաջարկություն են ներկայացրել Ադրբեջանին, որ նույն գործընթացը տեղի ունենա նաև ադրբեջանական կողմում։
Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել, որ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները վերահսկողության տակ են վերցրել Հայաստանի հետ սահմանին գտնվող Քաշաթաղի (Լաչին) շրջանի մի քանի բարձունքներ և տարածքներ. դա պայմանավորված է Արցախը Հայաստանի հետ կապող նոր ճանապարհի շահագործման հանձնմամբ։
«Լաչինի նոր ճանապարհի շահագործման հանձնման հետ կապված՝ հսկողության տակ են վերցվել մի քանի գերիշխող բարձունքներ, գլխավոր և օժանդակ ճանապարհներ, ինչպես նաև Լաչինի շրջանի Ջագազուր և Զաբուխ (Աղավնո) գյուղերի միջև սահմանամերձ ընդարձակ տարածք»,- ասված է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։










