Կրեմլը մեկնաբանել է լրտեսության համար The Wall Street Journal-ի լրագրողի ձերբակալումը

16:29 • 30.03.23

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է The Wall Street Journal պարբերականի թղթակից Էվան Գերշկովիչի ձերբակալումը. ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը նրան մեղադրում է լրտեսության համար։

«Որքանով որ մենք գիտենք, նա ձերբակալվել է հանցանքի պահին», - ասել է Պեսկովը մամուլի ասուլիսի ժամանակ։

Միաժամանակ նա ընդգծել է, որ Ռուսաստանում The Wall Street Journal-ի ներկայացուցիչների հետագա աշխատանքի համար խոչընդոտներ չի տեսնում, «եթե նրանք նորմալ լրագրողական գործունեություն ծավալեն», գրում է kommersant.ru-ն։

Կրեմլի խոսնակը նաև հույս է հայտնել, որ ԱՄՆ-ն ի պատասխան չի ստուգի ռուսական լրատվամիջոցների բյուրոները։

«Մենք հուսով ենք, որ դա տեղի չի ունենա, և դա չպետք է տեղի ունենա, քանի որ խոսքը կասկածների մասին չէ, նա բռնվել է հանցանքի պահին», - ասել է  Պեսկովը:

ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել էր, որ Եկատերինբուրգում ձերբակալվել է ամերիկյան The Wall Street Journal պարբերականի թղթակից Էվան Գերշկովիչը։ Հետախուզության տվյալներով՝ լրագրողը «ԱՄՆ-ի հանձնարարությամբ պետական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ էր հավաքում ռուսական ռազմաարդյունաբերական համալիրի ձեռնարկություններից մեկի մասին»։ Էվան Գերշկովիչը 6 տարի է, ինչ ապրում է Մոսկվայում և հավատարմագրված է ՌԴ ԱԳՆ-ում։ Գերշկովիչը լրագրող է, որը լուսաբանում է իրադարձությունները Ռուսաստանում, Ուկրաինայում և նախկին Խորհրդային Միության երկրներում: Նա նախկինում աշխատել է Agence France-Presse-ում, The Moscow Times-ում և The New York Times-ում: Գերշկովիչի վերջին հոդվածը The Wall Street Journal-ը հրապարակել է մարտի 28-ին։