Ալեն Սիմոնյանն իր գործողություններով հրահրեց այս ներքին խառնաշփոթը. Սեյրան Օհանյանը ԱԺ միջադեպից մանրամասներ է ներկայացնում
Առաջին հերթին ՔՊ-ական պատգամավորի կողմից է եղել բարձր տոնով խոսակցություն, ձեռքը սեղանին խփել, այնուհետեւ տեղի է ունեցել կոնֆլիկտը, ինչը հարթվել է մեր կողմից, սակայն ոստիկանությունը և ԱԺ ղեկավարությունը նորից հրահրել են այդ կոնֆլիկտը: Անդրադառնալով այսօր ԱԺ-ում պետաիրավական հանձնաժողովի նիստին ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի միջև եղած կոնֆլիկտին՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
Նրա խոսքով՝ դրանից հետո Ոստիկանությունը գնացել է Սեյրան Օհանյանի սենյակ և ասել, որ ցանկանում են հարցաքննել պատգամավոր Մհեր Սահակյանին և իրավական ընթացք տալ գործընթացին: Սեյրան Օհանյանը նկատում է, որ եթե նման որոշում է ընդունվել, պետք էր երկու կողմին էլ հարցաքննեին. «Իմ իմացությամբ՝ նշված միջադեպի հրահրումը տեղի է ունեցել Վլադիմիր Վարդանյանի կողմից: Չի կարող էնպես լինել, որ Մհեր Սահակյանը հենց էնպես որոշի, վեր կենալ ու կոնֆլիկտ հրահրել, հարվածել»:
Օհանյանի խոսքով՝ իրենք արդեն պայմանավորվել էին ոստիկանության հետ, որ Մհեր Սահակյանը գնա Արաբկիրի ոստիկանական կենտրոն, երբ ներս է մտնում Ալեն Սիմոնյանը. «Կարելի է ասել՝ իր գործողություններով, ըստ էության, Ալեն Սիմոնյանը հրահրեց այս ներքին խառնաշփոթը: Ալեն Սիմոնյանի ներկայությունից օգտվելով՝ ոստիկանության ներկայացուցիչները, փոխոստիկանապետը սկսեցին Մհեր Սահակյանին բրդբրդել, ինչի իրավունքը չունեին, մեծ խառնաշփոթ կազմակերպեցին իմ աշխատասենյակում և միջանցքում, ինչն անընդունելի է»,- պատմեց Օհանյանը:
Սեյրան Օհանյանի խոսքով՝ Ոստիկանության գործողությունների մեջ իրավունքի պաշտպանություն պետք է լինի. «Երբ Վահագն Ալեքսանյանը նիստերի դահլիճում առաջ գալով հարվածեց Վահե Հակոբյանին, այդ ժամանակ ոստիկանական զորքերը լցվեցին և Վահագն Ալեքսանյանին ձերբակալեցի՞ն, իհարկե՝ ոչ: Այս իշխանությունների օրոք կողմնակալ մոտեցում է նաև ոստիկանանական գործողություններին»:
Լրագրողի դիտարկմանը, թե արդյոք իշխանականներն այդ միջադեպով չեն փորձում ստվերել սահմանային լարվածությունը, Սեյրան Օհանյանն ասաց. «Կարելի է ենթադրել, որ նման պահերին նրանք մշտապես ինչ-որ նոր հնարքներ են մտածում մեր հանրության ուշադրությունը շեղելու համար»:










