Մհեր Սահակյանը մոտեցավ ինձ և առանց որևիցե բան ասելու հարվածեց․ Վլադիմիր Վարդանյանը՝ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի մասին

19:17 • 31.03.23

Մարտի 31-ի առավոտյան ընդդիմության նախաձեռնությամբ տեղի է ունեցել աշխատանքային փակ քննարկում։ Նիստը նորմալ հունով ընթանում էր, մի պահ հանձնաժողովի նիստի քննարկման բնականոն ընթացքը խաթարվեց, պատգամավորները սկսեցին բավականին բարձր խոսել և ես փորձեցի Արծվիկ Մինասյանին և մնացած պատգամավորներին հորդորել վերադառնալ բովանդակային քննարկման փուլ։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։

«Դրանից հետո իմ իրավաչափ պահանջին ի պատասխան պարոն Սահակյանը ասեց, որ ես չեմ կարող իրենց վրա ձայն բարձրացնել, իսկ ես ասացի, որ նիստը վարում եմ և շարունակում եմ վարել։ Նա մոտեցավ ինձ (արդեն կանգնել էինք) ու առանց որևիցե բան ասելու հարձակվեց ինձ վրա, հարձակվելուց հետո դիմեց փախուստի՝ հարվածելով»,- ասաց Վարդանյանը։

Մեկնաբանելով այն, որ ընդդիմությունը պնդում է, թե ինքն է սադրել միջադեպը, ձեռքով հարվածել է սեղանին ու քայլ է արել դեպի պատգամավորը, Վարդանյանն ընդգծեց, որ որևէ քայլ չի արել դեպի պատգամավոր Մհեր Սահակյան և մնացել է այն տեղում, որտեղ սովորաբար նստում է։

«Ինձ բոլոր ճանաչողները կփաստեն, որ 7-րդ և 8-րդ գումարման խորհրդարանում մշտապես եղել եմ այն անձը, որը փորձել է բերել կոմպրոմիսի։ Եթե նիստի բնականոն ընթացքը խախտվում էր, ապա մենք ընդհատում էինք նիստը կամ փորձում էինք լուծումներ գտնել։ Այս անգամ միջադեպը տևել է մեկ րոպե և, ըստ էության, ես կատարել եմ իմ իրավաչափ գործառույթները։ Ես որպես նիստը վարող պարզապես պահանջել եմ, որպեսզի հանդարտվեն և բոլորը հարգեն միմյանց։ Ես քայլ դեպի պատգամավոր Սահակյան չեմ կատարել և չէի էլ կարող կատարել։ Պարոն Սահակյանն ինքն է, բարձրացել տեղից, մոտեցել ինձ և առանց որևէ բան ասելու հարվածել»- նշեց Վարդանյանը։

Նրա խոսքով՝ հարվածի հետևանքով հոնքի հատվածում բավականին զգալի կտրվածք է առաջացել, բժշկական միջամտության կարիք է եղել և երկու կար է դրվել։ Պատգամավորը նաև չի բացառում, որ հարվածը հասցվել է ինչ-որ գործիքով։

«Բավականին ծանր հարված էր։ Դատաբժշկական փորձաքննություն դեռ չեմ անցել, վաղը երևի թե կմասնակցեմ դատաբժշկական փորձաքննությանը։ Բայց հարվածը նման է գործիքով ստացվող վնասվածքներին»,- նշեց Վարդանյանը։

Անդրադառնալով իրավական առումով իր ակնկալիքներին՝ Վլադիմիր Վարդանյանն ընդգծեց, որ չի պատրաստվում միջամտել իրավապահ մարմինների աշխատանքին։

«Ես մասնակցել եմ հարցաքննությանը, ներկայացրել եմ եղելությունը, տվել եմ համապատասխան ցուցմունքներ և որևիցե քրեաիրավական գնահատական արարքին չեմ տալու», - եզրափակեց նա։