Զելենսկու գրասենյակն արձագանքել է հրադադարի մասին Լուկաշենկոյի առաջարկին

19:44 • 31.03.23

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը «անհեթեթ» է անվանել Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Ուկրաինայում «առանց զորքերը տեղաշարժելու և վերախմբավորելու իրավունքի» ռազմական գործողությունները դադարեցնելու առաջարկը։

Պատասխան հայտարարությունը հրապարակվել է Զելենսկու գրասենյակի թվիթերյան էջում։

«Ցանկացած հրադադար կնշանակի Ռուսաստանի Դաշնության իրավունքը՝ մնալու օկուպացված տարածքներում։ Սա բացարձակապես անընդունելի է։ Ուկրաինան իրավունք ունի զորքեր և տեխնիկա տեղափոխել իր տարածքով այնպես, ինչպես հարմար է գտնում», - ընդգծել է Պոդոլյակը։

Նրա խոսքով՝ նման առաջարկներ անողները «տարօրինակ խաղաղապահներ» են:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ուղերձով դիմելով ժողովրդին և խորհրդարանին, առաջարկել է դադարեցնել ռազմական գործողություններն Ուկրաինայում և զինադադար հայտարարել։

«Մենք պետք է կանգ առնենք հիմա՝ նախքան էսկալացիայի սկսվելը։ Ես կփորձեմ ռիսկի դիմել՝ առաջարկելով դադարեցնել ռազմական գործողությունները... հայտարարել զինադադար՝ առանց տեղաշարժի, երկու կողմից զորքերի վերախմբավորման, զենքի, զինամթերքի և ռազմական տեխնիկայի փոխանցման իրավունքի»,- ասել է Լուկաշենկոն։