Ալեն Սիմոնյանը՝ Կասկադում իրեն «դավաճան» անվանած քաղաքացու հետ միջադեպի մասին

10:15 • 03.04.23

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է երեկ իր մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին: Սիմոնյանի խոսքով Կարեն Մկրտչյանն առաջին անգամ չէ, որ իր հասցեին վիրավորանք է հնչեցնում. «Առաջին անգամ մեկ ամիս առաջ արհամարհեցի, երկրորդ անգամ, բնական է, իր խոսքի ազատությանը և վիրավորանքին հակադրեցի իմ կարծիքը իր մասին, իմ ազատությունը, հետո ինքը մտավ ՖԲ եթեր և պատմեց կատարվածը»:

Ալեն Սիմոնյանը նաև ընդգծել է, որ անկախ իր դիրքից, թե՛ քաղաքապետարանում, թե՛ փողոցային պայքարում, թե՛ հետագայում, առիթ չի տվել մտածելու, որ իրեն անհրաժեշտ է պաշտոն կամ անվտանգություն, որ իր ասելիքն ասի:

«Հա, մի բան էլ, ինչպես հիմա եք վազելով մեզ խփում կամ վիրավորում, փախնում հետո եթեր մտնում լուսանկարվում կամ ֆեյք էջերով վիրավորանքներ գրում, այնպես էլ հետո եք վազելու, գուցե շատ ավելի արագ, դա է ձեր տեսակը, իսկ ես իմ ժողովրդի հետ հեղափոխություն արած, պատերազմ տեսած, հաղթանակ ու պարտություն ճաշակած երևանցի տղա եմ, ումից դուք միշտ փախչելու եք»,-գրել է Սիմոնյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Երևանի կենտրոնում՝ Կասկադում, թքել է իրեն «դավաճան» անվանած քաղաքացու աչքին, ինչի մասին ֆեյսբուքյան էջով ուղիղ եթերի ժամանակ պատմել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը: Վերջինս «Հայստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանի հետ ոստիկանության բաժնի մոտ էր գնացել միջադեպից հետո ոստիկանություն տարված քաղաքացու՝ Կարեն Մկրտչյանի իրավունքները պաշտպանելու համար: