ՀՀ ՊԵԿ նախագահը և ՀՀ-ում Վրաստանի նորանշանակ դեսպանը հանդիպմանը կարևորել են հարկային և մաքսային ոլորտներում նախաձեռնությունները

18:51 • 04.04.23

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին: Այս մասին հայտնում են ՀՀ Պեկ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության բաժնից։

ՀՀ ՊԵԿ նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հույս հայտնել, որ կողմերի միջև ձևավորված արդյունավետ փոխհամագործակցությունն ավելի կընդլայնվի և կնպաստի հայ-վրացական փոխհարաբերությունների հետագա զարգացմանը:

Հանդիպմանը կարևորվել են տնտեսական կապերի ընդլայնումը երկու երկրների միջև և հարկային ու մաքսային ոլորտներում առկա ներուժի լիարժեք իրացմանն ուղղված նախաձեռնությունները:

Կողմերը բարձր են գնահատել երկու երկրների միջև արդյունավետ աշխատանքային հարաբերությունները և համատեղ ջանքերը` միտված հայ-վրացական երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանը։

Երկուստեք պատրաստակամություն են հայտնել շարունակելու գործուն քայլերը՝ հետագա փոխգործակցությունն ընդլայնելու և ձեռքբերված պայմանավորվածությունները կենսագործելու ուղղությամբ:

Վրաստանի նորանշանակ դեսպանը շնորհակալություն է հայտնել և հավաստիացրել, որ պաշտոնավարման ընթացքում կներդնի առավելագույն ջանքերը՝ ի նպաստ հայ-վրացական կապերի ամրապնդմանը: