Ուկրաինան Լեհաստանից ռազմական օգնության նոր փաթեթ կստանա. Զելենսկի

21:17 • 05.04.23

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևն ու Վարշավան պայմանավորվել են ռազմական օգնության նոր փաթեթի շուրջ։ Ուկրաինան, մասնավորապես, կստանա ՄիԳ-29 ինքնաթիռներ, «Ռոսոմակ» զրահափոխադրիչներ և «Պիորուն» զենիթահրթիռային համակարգեր։

«Համաձայնեցվել է պաշտպանական նոր փաթեթը, որը շատ անհրաժեշտ է մեր զինվորներին հենց հիմա»,- ասել է Զելենսկին Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկիի հետ Վարշավայում կայացած ճեպազրույցում։

«Այսօր մենք փաստաթուղթ ենք ստորագրում լեհական «Ռոսոմակ» զրահափոխադրիչների, «Ռակ» ինքնագնաց ականանետների, հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման մասին»,- ասել է Զելենսկին։

Լեհաստանն ունի 28 ՄիԳ-29 կործանիչ։ Ավելի վաղ Ուկրաինան արդեն չորս ինքնաթիռ է ստացել Լեհաստանից։

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հայտարարել է, որ Վարշավան Կիև է տեղափոխում ևս չորս ՄիԳ-29։ Բացի այդ, մոտ ապագայում ուկրաինական կողմին կարող են փոխանցվելու վեց նման ինքնաթիռ, որոնք ներկայումս տեխնիկական սպասարկում են անցնում։ Այսպիսով, Ուկրաինան պետք է ընդհանուր առմամբ 14 միավոր ՄիԳ-29 ինքնաթիռ ստանա Լեհաստանից։