Երևանի զարգացման հիմքում պետք է լինի երևանցու շահը․ Երվանդ Թարվերդյան
Երևանի զարգացման հիմքում պետք է լինի երևանցու շահը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Միացյալ Հայաստան կուսակցության հիմնադիր֊նախագահ Երվանդ Թարվերդյանը։
«Այս օրերին շատ է խոսվում Երևան քաղաքի զարգացման ծրագրերից՝ կառուցապատման և շինարարության ոլորտներից մինչև տրանսպորտ ու բնապահպանություն, բայց այդ ամենն առոչինչ կլինի, եթե հիմքում չդրվի հիմնական շահառուի՝ երևանաբնակների և մայրաքաղաքի հյուրերի հարմարավետությունն ու անվտանգ և բարեկեցիկ կենսագործունեությունը։
Օրինակ, որպես Երևանի կառավարման նորարարական ծրագրի հեղինակ՝ ես գերակայություն եմ համարում երևանցիների սոցիալական պաշտպանության ապահովմանն ուղղված ծրագրերը, դրանցում բիզնես սեկտորի ներգրավումը և համայնքային բյուջեի հետ նրանց ջանքերի համատեղումը։ Սոցիալական արտոնությունները պետք է նախատեսվեն նախևառաջ 44-օրյա պատերազմի և դրան հաջորդած սահմանային բախումների մասնակիցների և նրանց ընտանիքների անդամների, ծնողազուրկ երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց, արցախցի փախստականների, բազմազավակ ընտանիքների համար։
Ընդ որում, խոսքը բնավ միանվագ սոցիալական օգնությունների մասին չէ, որոնք իրենց բնույթով երբեմն անգամ նվաստացուցիչ են այն անձանց համար, որոնք աշխատունակ են և ուզում են իրենց նպաստը բերել հայրենի քաղաքի ու երկրի զարգացմանը։ Սկսած քաղաքային տրանսպորտից, վերջացրած համերգասրահներով ու թատրոններով՝ այս խավերի ներկայացուցիչների մուտքը պետք է լինի անվճար կամ առնվազն համաֆինանսավորմամբ։
Նրանք մշտապես պետք է զգան պետության ու համայնքի հոգատար ձեռքն ու գտնվեն մեր հասարակության ու քաղաքային իշխանության ուշադրության կենտրոնում։
Երեխաների իրավունքների պաշտպանության հիմնահարցերը, դպրոցահասակ դեռահասների հետ համայնքային աշխատանքները, ժողովրդագրական պատկերի բարելավումը, բազմազավակ ընտանիքների խրախուսումը, ծնելիության աճին միտված սոցիալական քայլերն իմ և մեր քաղաքական թիմի առաջնահերթ ուշադրության կենտրոնում են։ Առանց երևանցու, նրա սոցիալական հիմնարար իրավունքների պաշտպանության՝ քաղաքի զարգացման որևէ ծրագիր ի բնե դատապարտված է», - գրել է նա։










