Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները Պեկինում համատեղ հայտարարություն են ստորագրել

17:50 • 06.04.23

Պեկինում այսօր տեղի ունեցած հանդիպումից հետո Իրանի և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և Ֆեյսալ բեն Ֆարհան ալ Սաուդը համատեղ հայտարարություն են ստորագրել, հաղորդում է parstoday.ir-ը:

Կողմերը նշել են, որ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին մարտի 10-ին Չինաստանի միջորդությամբ ձեռք բերված համաձայնությունը պետք է կյանքի կոչվի:

Ամիր- Աբդոլլահիանը և Բեն Ֆարհանը պայմանավորվել են համաձայնեցված ժամկետներում վերաբացել երկու երկրների դեսպանատները  և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել Ջիդդայում և Մաշհադում հյուպատոսությունները վերաբացելու ուղղությամբ:

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ հարկավոր է իրագործել Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև 2001 թ.-ին կնքված անվտանգության շուրջ համագործակցության մասին համաձայնագիրը, ինչպես նաև երկրների միջև 1998 թ.-ին կնքված համաձայնագիրը տնտեսության, առևտրի, ներդրումների, տեխնոլոգիաների, գիտության, մշակույթի և սպորտի բնագավառներում համագործակցության մասին:

Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները, հայտարարելով երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման համար բոլոր խոչընդոտները վերացնելու պատրաստակամության մասին, պայմանավորվել են համագործակցել ցանկացած բնագավառում, որը կարող է ապահովել տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը և կյանքի կոչել տարածաշրջանի ժողովուրդների ու երկրների շահերը։

Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և Ֆեյսալ բեն Ֆարհան ալ Սաուդը նաև ընդգծել են միմյանց ինքնիշխանությունը հարգելու և միմյանց ներքին գործերին չմիջամտելու կարևորությունը: