ԱՄՆ-ն ակնկալում է, որ Շվեդիան ՆԱՏՕ-ին կմիանա մինչև հուլիս. Բլինկեն

10:57 • 07.04.23

ԱՄՆ իշխանությունները կարծում են, որ Շվեդիան ՆԱՏՕ-ի անդամ կդառնա մինչ հյուսիսատլանտյան դաշինքի երկրների գագաթնաժողովովը, որը կանցկացվի Վիլնյուսում հուլիսի 11-12-ը։ Այս մասին Euronews-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։

«Ես համոզված եմ, որ դա տեղի կունենա, և դա տեղի կունենա շուտով: Ես ակնկալում եմ, որ դա տեղի կունենա մինչև հուլիսին Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը»,- ասել է Բլինկենը։

Նա հիշեցրել է, որ Հունգարիան և Թուրքիան դեռ չեն վավերացրել Շվեդիայի դիմումը։ Նրա խոսքով՝ թուրքական իշխանությունները «օրինական շահեր ունեն», սակայն Ֆինլանդիայի հետ նրանք արդեն «հաջողությամբ աշխատել են»։

«Ես ակնկալում եմ, որ նույնը տեղի կունենա Շվեդիայի հետ առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում», - ասել է պետքարտուղարը:

Ֆինլանդիան և Շվեդիան ՆԱՏՕ-ին միանալու հայտ են ներկայացրել 2022 թվականի մայիսին՝ Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության ֆոնին։ Ֆինլանդիան ստացել է դաշինքի բոլոր երկրների հավանությունը, և ապրիլի 4-ին Բրյուսելում կայացել է ՆԱՏՕ մտնելու արարողությունը։ Թուրքիայի իշխանությունները մի շարք բողոքներ ունեն Շվեդիայի դեմ, այդ թվում՝ ենթադրյալ ահաբեկիչներին արտահանձնելու մերժումը։ Ապրիլին Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը կայցելի Շվեդիա՝ քննարկելու դաշինքին միանալու ծրագրերը։