Փաստաբան Հայկ Ալումյանը, որպես փոխկապակցված անձ, տևական ժամանակ չի ներկայացրել եկամուտների և  ունեցվածքի հայտարարագիր

13:13 • 07.04.23

Փաստաբան Հայկ Ալումյանը տևական ժամանակ չի ներկայացրել իր գույքի, եկամուտների, ունեցվածքի հայտարարագրերը։ Հայկ Ալումյանի կինը՝ Արմենուհի Բադիրյանը, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է և, ըստ Հանրային ծառայության մասին օրենքի, նրա ամուսինը, որպես փոխկապակցված անձ, պարտավոր է հայտարարագիր ներկայացնել։

Հայտարարագիր չներկայացնելու պատճառների մասին Tert.am-ը պարզաբանում խնդրեց փաստաբանից, ով ասաց, որ օրենքի պահանջը իր վրա չի տարածվում։

«Ես համարում եմ, որ օրենքը իմ նկատմամբ նման պահանջ չունի, փաստարկներից մեկը նաև փաստաբանական գաղտնիք համարվող տեղեկություններ չհրապարակելն է։ Հարցը դատական վեճի առարկա է, ես հայցադիմում եմ ներկայացրել և այն քննվում է Վարչական դատարանում։ Ես հիմնավոր ձևով գտնվում եՄ, որ այդ պահանջն ինձ չի վերաբերում ու տվյալ օրենքի տվյալ պահանջը ինձ վրա չի տարածվում»,- ասաց Հայկ Ալումյանը։

Փաստաբանը նշեց նաև, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իր նկատմամբ տուգանք է կիրառել և ինքը Վարչական դատարանում բողոքարկել է տուգանքի որոշումը։

Tert.am-ը հարցում է ուղարկել հանձնաժողովին՝ պարզելու, թե ինչ հիմքով Ալումյանը չի ներկայացրել հայտարարագիր, պատասխանը ստանալուց հետո կհրապարակենք նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պատասխանը։

Նշենք, որ ըստ քրեական օրենսգրքի 314.2 հոդվածի՝ հայտարարագիրը դիտավորությամբ չներկայացնելը հանգեցնում է վարչական պատասխանատվության, իսկ եթե 30-օրյա ընթացքում հայտարարատուն դարձյալ այն չի ներկայացնում, ապա կարող է սահմանվել քրեական պատասխանատվություն՝ կամ տուգանքի տեսքով, կամ ազատազրկմամբ մինչև 2 տարի ժամկետով։