Առանձնակի խոնարհումս եմ բերում մեր բոլոր հերոսածին մայրերին, նրանց զավակները մեր երկնային փաղանգն են, մեր անմահների հազարյակը. Երվանդ Թարվերդյան
«Միացյալ Հայաստան» կուսակցության հիմնադիր-նախագահ Երվանդ Թարվերդյան ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության տոնի առթիվ․
«Սիրելի՛ կանայք և աղջիկներ, մեր քաղաքական թիմի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ ձեր տոնը։ Մաղթում եմ, որ ձեր նվիրական երազանքները՝ կապված մեր պետության ու ժողովրդի, ձեր որդիների, ամուսինների ու հայրերի խաղաղ ծառայության, անվտանգ ու բարեկեցիկ կեցության հետ, իրագործվեն։ Դրա համար դուք անասելի ջանքեր եք ներդրել՝ հայրենիքի պաշտպանի մի քանի սերունդներ դաստիարակելով։
Առանձնակի խոնարհումս եմ բերում մեր բոլոր հերոսածին մայրերին, որոնց որդիներն անպատմելի սխրանքներով, իրենց կյանքի գնով կասեցրին թշնամու առաջխաղացումը 44-օրյա պատերազմի ժամանակ, նաև դրան նախորդած և հաջորդած բոլոր ռազմագործողությունների ընթացքում։ Արցախյան բոլոր պատերազմների հերոս նահատակների մայրերը, քույրերն ու դուստրերը մեր ինքնազոհողության գաղափարի թագն ու պսակն են, նրանց կորուստն ու վշտի դառնությունն ամենամեծն է։
Անցած տարիներին ես իմ կարողությունների սահմաններում հնարավորինս աջակցել եմ, նեցուկ եմ կանգնել պատերազմի զոհերի և վիրավորների ընտանիքներին։ Բայց այս քաղաքականությունը պետք է լինի պետական կարևորագույն առաջնահերթությունը, և մեր բոլորի ոչ միայն մտքերը, այլև ջանքերը, ռեսուրսները, ուշադրությունն ու միջոցները պիտի հնարավորինս ուղղենք մեր հասարակության խիստ խոցելի, անպաշտպան այդ հատվածին՝ ցույց տալու, որ մեր նահատակների կյանքի գործն իմաստավորված է, և հայրենիքը շնորհակալ է նրանց։
Եվս մեկ անգամ իմ խորին ակնածանքն եմ հայտնում բոլոր սևազգեստ մայրերին։ Որքան էլ նրանց կորստի ցավը մեծ է ու անդառնալի, նրանց զավակները մեր երկնային փաղանգն են, մեր անմահների հազարյակը։ Որդիաբար համբուրում եմ մեր մայրերի կնճոտված, ցավից ու աշխատանքից կոշտացած ձեռքերը ու վստահություն հայտնում, որ մեր երկրի վրա էլ լույսը բացվելո՛ւ է»։










