Կրեմլը մեկնաբանել է Եգիպտոսի՝ Ռուսաստանին մինչև 40 000 հրթիռ մատակարարելու ծրագրերի մասին տեղեկությունը

15:06 • 11.04.23

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ԶԼՄ-ներում տարածված հրապարակումներն այն մասին, թե իբր Եգիպտոսը նախատեսում էր Ռուսաստանին գաղտնի մատակարարել մինչև 40 000 հրթիռ, «հերթական սուտն են»։ Այս մասին գրում է kommersant.ru-ն:

«Դա կարծես մեկ այլ կեղծ տեղեկատվություն է, որն այժմ շատ է, ուստի դրան պետք է հենց այսպես էլ վերաբերվել», - պատասխանել է մամուլի խոսնակը հրապարակումները մեկնաբանելու խնդրանքին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսին փետրվարին հրամայել է արտադրել մինչև 40 հազար հրթիռ՝ «Ռուսաստան գաղտնի առաքման համար»։ Այս մասին հայտնել էր The Washington Post-ը՝ վկայակոչելով ամերիկյան հետախուզության փաստաթուղթը, որը համացանցում է հայտնվել փետրվար-մարտ ամիսներին Discord chat հավելվածի միջոցով։

Եգիպտոսի ղեկավարը, նշում է թերթը, պաշտոնյաներին հանձնարարել է գաղտնի պահել հրթիռների արտադրությունն ու մատակարարումը «Արևմուտքի հետ խնդիրներից խուսափելու համար»։

Ըստ փետրվարի 1-ին տարածված փաստաթղթի՝ Եգիպտոսի նախագահը հրթիռների արտադրությունը քննարկել է պաշտոնյա Սալահ ադ Դինի հետ (WP գրում է, որ խոսքը հավանաբար ռազմական արտադրության նախարար Մոհամեդ Սալահ ադ Դինի մասին է)։ Նախագահը պաշտոնյային ասել է, որ հրթիռներ պատրաստող գործարանի աշխատողներին պետք է ասել, որ դրանք Եգիպտոսի բանակի համար են։

Ի պատասխան, ինչպես գրում է WP-ն, Սալահ ադ Դինն ասել է, որ «կհրամայի իր մարդկանց աշխատել հերթափոխով, եթե դա անհրաժեշտ լինի, քանի որ դա նվազագույնն է, ինչ Եգիպտոսը կարող է անել Ռուսաստանի ցուցաբերած օգնության համար»: Թե ինչ օգնության մասին է խոսքը, չի նշվում։ Պաշտոնյայի խոսքով՝ «ռուսներն իրեն ասել են, որ պատրաստ են գնել ամեն ինչ»։

Փետրվարի 17-ով թվագրված փաստաթղթի մի մասում նշվում է Ռուսաստանին հրետանային արկերի և վառոդի մատակարարման ծրագրերի մասին։ Պարզաբանվում է, որ վառոդը, որը պետք է մատակարարվեր Ռուսաստանի Դաշնություն, արտադրվում է թիվ 18 գործարանում, որը WP-ն անվանում է «երկար պատմություն ունեցող քիմիական ձեռնարկություն»։

Եգիպտոսի ԱԳՆ խոսնակ Ահմեդ Աբու Զեյդը, մեկնաբանելով փաստաթուղթը, վստահեցրել է, որ «Եգիպտոսի դիրքորոշումը հիմնված է Ուկրաինայի ռազմական հակամարտությանը չմիջամտելու և երկու կողմերի հետ հավասար հեռավորություն պահպանելու պարտավորության վրա»։

ԱՄՆ կառավարության անանուն խոսնակն ասել է, որ ԱՄՆ իշխանությունները չգիտեն, թե արդյոք Եգիպտոսն իրագործել է իր մտադրությունները:

«Մենք դա չենք տեսել»,- ասել է պաշտոնյան։