Տեղ գյուղում որևէ տարհանում չի եղել, մարդիկ մարտական են տրամադրված, զենք են պահանջում՝ զինվորի կողքին կանգնելու համար․ Անգեսա Խամոյանը՝ Տեղ գյուղում ստեղծված իրավիճակի մասին
«Հայաստան» խմբակցության մի խումբ պատգամավորներ երեկ, Տեղ գյուղի դիրքերում ադրբեջանական սադրանքի հետևանքով տեղի ունեցած միջադեպից հետո, մեկնել են Տեղ գյուղ՝ տեղում ծանոթանալու ստեղծված իրավիճակին։
Tert.am-ը զրուցել է Ագնեսա Խամոյանի հետ՝ տեղեկանալու ինչ իրավիճակ է ստեղծվել համայնքում միջադեպից հետո։
Պատգամավորը նշեց, որ կարևոր արձանագրումը, որ իրենք արել են, եղել է այն, որ Տեղի բնակիչները չեն տարհանվել, բոլորն իրենց տեղերում են և որևէ մտադրություն չունեն, թեկուզ ժամանակավոր, գյուղից հեռանալու։

«Գյուղում երեկ գիշերը և առավոտյան հարաբերական խաղաղ է եղել, հիմնականում շփվել ենք Տեղ գյուղի բնակիչների հետ, փորձել ենք հասկանալ երեկվա իրադարձությունների ընթացքը և առհասարակ, ինչպես են իրենք տեսնում իրավիճակի հանգուցալուծումը։ Մարդիկ, իհարկե, զգուշավոր են, փորձել են անվտանգության նվազագույն պայմաններ ապահովել, բայց տարհանում, որպես այդպիսին, չի իրականացվել։ Բոլորը մարտական էին տրամադրված, բոլորի խոսքում հստակ կար մեկ պահանջ, որ իրենց զենք տան, ապահովեն զինամթերքով, որպեսզի գնան, կանգնեն զինվորների կողքին։ Բնակիչները իրենց հույսը բացառապես կապում են հայոց բանակի, հայ սպայի հետ։ Մարդիկ համոզված են, որ իրավիճակը պետք է հանգուցալուծում ստանա ու դա պետք է արվի մեր օգտին, այլ բանի մասին չեն ուզում լսել։ Իրենք չեն պատրաստվում հեռանալ իրենց տներից, չեն պատրաստվում լքել իրենց օջախները, ինչը մեզ համար ամենակարևոր արձանագրումն էր»,- ասաց պատգամավորը։

Ագնեսա Խամոյանն ընդգծեց, որ չնայած հարաբերական կայունությանը, իրավիճակը բարենպաստ չէ այն առումով, որ շուրջ 100 հեկտար վարելահող օկուպացված է ադրբեջանցիների կողմից։
«Խոսքը գնում է մոտ մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած իրադարձությունների մասին։ Ահռելի քանակի վարելահողեր ու արոտավայրեր են օկուպացրել, իսկ Տեղ գյուղում մարդիկ հիմնականում զբաղում են անասնապահությամբ, իսկ հիմա իրենց անասուններին արոտավայրեր տանելու լրջագույն խնդրի առջև են կանգնած։ Մեր վերահսողության տակ մնացած արոտվայրերը իրենց նշանառության տակ են, մնացածն էլ օկուպացված է»,-ասաց Խամոյանը։

Անդրադառալով միջադեպի տարածքում ինժեներական աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությանը՝ Խամոյանն ընդգծեց, որ դրանց ավելի վաղ իրականացումը հանարավոր է կանխեր երեկվա միջադեպը։
«Երբ ադրբեջանցիներն առաջ եկան Տեղում, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ադրբեջանական զինուժի տեղաշարժը նախօրոք պայմանավորված է եղել։ Այստեղ պարզ հարցադրում է առաջանում, եթե նախօրոք գիտեիք, որ գալու են և տեղակայվեն, ինչո՞ւ մենք համապատասխան գործողություններ չենք իրականցրել։ Ընդ որում, հենց դրանց բացակայության հետևանքն է եղել նաև երեկվա միջադեպը»,- հավելեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։











