Հայաստանից պաշտոնական պարզաբանումներ ենք խնդրել ՆԱՏՕ-ի զորավարժություններին իրենց մասնակցության վերաբերյալ. պատասխան ստանալուց հետո կորոշենք մեր արձագանքը. ՌԴ ԱԳՆ
Մոսկվան Երևանից պարզաբանում է խնդրել ՆԱՏՕ-ի հետ համատեղ զորավարժություններին Հայաստանի մասնակցության հետ կապված։ Այս մասին չորեքշաբթի ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է ՏԱՍՍ-ը։
«Մենք հայ գործընկերներից պաշտոնական պարզաբանումներ ենք խնդրել ՆԱՏՕ-ի զորավարժություններին իրենց մասնակցության վերաբերյալ: Պատասխան ստանալուց հետո մենք կորոշենք մեր արձագանքը»,- ասել է նա։
«Իհարկե, Երևանի՝ իր տարածքում ՀԱՊԿ զորավարժություններ անցկացնելուց հրաժարումը ցավալի է և չի նպաստում տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանը»,- հավելել է դիվանագետը։
Նրա խոսքով՝ Մոսկվան կարծում է, որ հենց Երևանում պատրաստ լինեն, հնարավոր կլինի վերադառնալ բովանդակային աշխատանքին՝ ամրագրելու Հայաստանում ՀԱՊԿ առաքելության տեղակայման կոնկրետ եղանակները, մանրամասները, ասպեկտները։
Զախարովան մեջբերել է նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին՝ հիշեցնելով, որ «ռուսական կողմը գոհ է, որ Հայաստանը շահագրգռված է ՀԱՊԿ խաղաղապահներ ընդունելու հարցում»։
Ինչ վերաբերում է առաքելության տեղակայման ստույգ ժամկետներին, Զախարովան նշել է, որ այդ հարցը պետք է հղել Երևանին, քանի որ առաքելությունը գործելու է Հայաստանի տարածքում։










