Չինաստանը խոստացել է զենք չվաճառել Ուկրաինայում հակամարտող կողմերին

15:10 • 14.04.23

Չինաստանի արտաքին գործերի նախարար Ցին Գանը հայտարարել է, որ Չինաստանը զենք չի վաճառի ռուս-ուկրաինական հակամարտության կողմերից որևէ մեկին, ինչպես նաև կվերահսկի երկակի նշանակության ապրանքների արտահանումն օրենքների և կանոնակարգերի համաձայն։

Ինչպես գրում է golosameriki.com-ը, Գանն այսպես է արձագանքել ԱՄՆ-ի և այլ պետությունների մտահոգություններին առ այն, որ Չինաստանը կարող է դիտարկել Ռուսաստանին ռազմական օգնություն տրամադրելու հարցը:

«Ռազմական արտադրանքի արտահանման հարցում Չինաստանը զգուշավոր և պատասխանատու դիրքորոշում է ցուցաբերում։ Չինաստանը զենք չի մատակարարի հակամարտության ակտիվ կողմերին, ինչպես նաև մտադիր է կառավարել և վերահսկել երկակի նշանակության ապրանքների արտահանումն օրենքների և կանոնակարգերի համաձայն», - ասել է Գանը Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքի Չինաստան կատարած այցից հետո կայացած մամուլի ասուլիսում։

Չինացի նախարարը նաև վերահաստատել է իր երկրի պատրաստակամությունը՝ օգնելու կողմերին հակամարտության խաղաղ լուծում գտնելու հարցում։